Մայիս 04, 2024 11:55 Asia/Tehran
  • ԻՀՊԿ «Շահիդ Մահդավի» նավը հատել է հասարակածը

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ ՌԾՈՒ «Շահիդ Մահդավի» նավը հատել է հասարակածը և մուտք գործել երկրագնդի հարավային կիսագնդի ջրեր։

Սա Նադեր Մահդավիի անունը կրող  ԻՀՊԿ ՌԾՈՒ նավի առաջին հեռավոր առաքելությունն է։ Նավն ԻՀՊԿ նավատորմին է միացել 2022թ։ Այն կշռում է ավելի քան 2100 տոննա, ունի 240 մ երկարություն, 27 մ լայնություն։

Նավը համալրված է առաջադեմ, այդ թվում՝ եռաչափ ռադարներով, հրթիռային համակարգերով, ցամաք-ցամաք, երկիր-օդ, «Խորդադ»  3-րդ սերնդի և այլ առաջադեմ հեռահաղորդակցության համակարգերով և համարվում է երկրի հատուկ նավերից մեկը։ Այն նաև իրանական առաջին նավն է, որ կրում  է բալիստիկ հրթիռներ։

Անցած տարվա փետրվարին հրապարակվեց այս նավից բալիստիկ հրթիռների արձակման տեսանյութը։ Գործողության ժամանակ նավից արձակվեց 1700 կմ հեռահարությամբ երկու բալիստիկ հրթիռ։

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար գեներալ Ալիռեզա Թանգսիրին ասել է, որ բացի հեռահար բալիստիկ հրթիռներից,  նավի վրա տեղադրված են նաև 2000 կմ հեռահարությամբ  «Ղադր 474»  թևավոր հրթիռներ։

1980-ականների վերջից Իրանի բանակի և Պահապանների կորպուսի ռազմածովային գործողությունների տարանջատումից հետո, Կորպուսը հիմնականում պատասխանատու էր Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի պաշտպանության համար։ Սակայն վերջին տարիներին Կորպուսը ներկայություն ունի նաև օվկիանոսի ջրերում և  առաքելություններն իրականացնում է  «Շահիդ Մահդավի», «Ռուդաքի» և «Բաղերի» նավերով։

Գեներալ Թանգսիրին նշել է, որ հեռավոր ջրերում ԻՀՊԿ ՌԾՈՒ կարևորագույն առաքելությունը ծովային ինքնիշխանության հաստատումն է և նավագնացության գծերի անվտանգության  պահպանումը։

Վերջին ամիսներին «Շահիդ Մահդավի» նավը առաքելություն էր իրականացրել Ադենի ծոցում։

 

Պիտակ