Աշխարհի երկրների ղեկավարների և պաշտոնյաների շնորհավորանքներն ուղղված Իրանի նորընտիր նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i220164-Աշխարհի_երկրների_ղեկավարների_և_պաշտոնյաների_շնորհավորանքներն_ուղղված_Իրանի_նորընտիր_նախագահին
Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և պաշտոնյաներ շնորհավորել են Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքյանի հաղթանակի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 13:28 Asia/Tehran
  • Աշխարհի երկրների ղեկավարների և պաշտոնյաների շնորհավորանքներն ուղղված Իրանի նորընտիր նախագահին

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և պաշտոնյաներ շնորհավորել են Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքյանի հաղթանակի կապակցությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փեզեշքյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում ասել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում»։

Փաշինյանը նաև հավելել է․ «Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով.

«Հարգելի պարոն Փեզեշքիան, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ռուս-իրանական հարաբերությունները բարեկամական, բարիդրացիական բնույթ են կրում։ Մոսկվան և Թեհրանն արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման ուղղությամբ», - ասվում է ուղերձում:

Պուտինը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի գործունեությունը կնպաստի բոլոր ուղղություններով կառուցողական երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների, հանուն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին նույնպես իր ուղերձում հույս է հայտնել, որ Իրան-Պակիստան հարաբերությունները կամրապնդվեն առավել քան երբևէ։

Վենեսուելայի կառավարությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Մասուդ Փեզեշքյանի հաղթանակը և ընդգծել Կարակասի պատրաստակամությունը՝ նոր ժամանակաշրջանում «ամրապնդելու երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ուղերձում ասել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, որոնք ստեղծվել են ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են ընդհանուր կրոնական և մշակութային արմատները, բարեկամությունն ու եղբայրությունը։

Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը նույնպես շնորհավորել է Փեզեշքյանի հաղթանակի կապակցությամբ և ընդգծել պաշտոնական Բաղդադի ջանքերը՝ ամրապնդելու Իրաքի և Իրանի հարաբերությունները՝ երկու հարևան երկրների և ժողովուրդների շահերին ծառայելու նպատակով։

Փեզեշքյանին ուղղված շնորհավորական ուղերձում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին և Իրանի ժողովրդին՝ իր նկատմամբ Իրանի ժողովրդի վստահության և ընտրական գործընթացի հաջողության համար։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը իր հաղորդագրության միջոցով, շնորհավորելով Մասուդ Փեզեշքյանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանձնառու է աշխատել իրանցի գործընկերների հետ՝ ապահովելու այս կազմակերպության զարգացումը որպես գլոբալ կայունության, տարածաշրջանային անվտանգության և երկկողմանի փոխշահավետ համագործակցության մեխանիզմի հիմնական երաշխավորներից մեկը՝ բոլոր անդամների հաջողության համար: