Իսրայելը չունի ՄԱԿ-ի որևէ կառույցում նախագահելու արժանիք
(last modified Fri, 16 Aug 2024 06:29:38 GMT )
Օգոստոս 16, 2024 09:59 Asia/Tehran
  • Իսրայելը չունի ՄԱԿ-ի որևէ կառույցում նախագահելու արժանիք

Ժնևում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Բահրեյնին հայտարարել է, որ Իսրայելը չունի ՄԱԿ-ի որևէ կառույցում, այդ թվում՝ զինաթափման համաժողովում նախագահելու արժանիք։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի զինաթափման համաժողովի նիստում Բահրեյնին հայտարարել է, որ ՄԱԿ-ի կառույցների  նախագահությունը պահանջում է հավատարմություն միջազգային իրավունքի հիմնական կանոններին և սկզբունքներին ու միջազգային կոլեկտիվ պայմանավորվածություններին։

Նա նշել է․ «Իսրայելի ներկայացուցչի կողմից ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում աշխարհի աչքի առաջ կազմակերպության կանոնադրության պատռելը վկայում է այն մասին, որ ռեժիմը չի հարգում միջազգային և ՄԱԿ-ի  հիմնարար սկզբունքները։ Իսկ այն փաստը, որ ռեժիմը չի անդամակցում զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն ու կիրառումն արգելող միջազգային պայմանագրերից որևէ մեկին, ավելին՝ շարունակում է այդ զենքի արտադրությունը և կիրառումը, հստակ ապացուցում է, որ Իսրայելի ռեժիմը չունի միջազգային կառույցներում, այդ թվում՝ զինաթափման հարցերով ՄԱԿ-ի համաժողովում նախագահելու համար անհրաժեշտ նվազագույն որակավորումներ և չափանիշներ»։

Անդրադառնալով  ստեղծման օրվանից Իսրայելի անօրինական ռեժիմի կատարած հանցագործություններին, Ժնևում Իրանի դեսպանն ասել է. «Իսրայելն անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում կոտորել է ավելի քան 40 հազար մարդու, որոնց առնվազն երկու երրորդը անմեղ կանայք ու երեխաներ են։ Իսկ քաղաքացիական անձանց և քաղաքացիական թիրախների, այդ թվում՝ հիվանդանոցների, դպրոցների և պաշտամունքի վայրերի կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործությունների վառ օրինակներ են: Սովի պարտադրումը, բնակչության բռնի տեղահանումը և Գազայում արգելված զենքի օգտագործումը, ինչպիսին է սպիտակ ֆոսֆորը, ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, և ռեժիմի իշխանությունները պետք է պատասխան տան դրանց համար»:

Նշելով, որ Իսմայիլ Հանիեյի սպանությունը միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման վառ օրինակ էր,  Բահրեյնին հավելել է․ «Միջազգային հանրությունը ցնցված է Գազայի Թաբին դպրոցի վրա ռեժիմի հարձակումից և դպրոցում ապաստանած ավելի քան 100 տեղահանվածների կոտորածից»։

Նա հավելել է, որ Իսրայելի ռեժիմը անկայունության հիմնական պատճառն է և միջազգային անվտանգության ամենամեծ թշնամին։

Բահրեյնին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է բազմակողմանիությանը, կանգնած է Պաղեստինի ճնշված ժողովրդի կողքին և իր  սկզբունքային քաղաքականության հիմամբ մերժում է ընդունել ռեժիմի օրինականությունը, ինչպես նաև դեմ է ցանկացած միջազգային կառույցում, ֆորումում, ներառյալ՝ զինաթափման կոնֆերանսում ռեժիմի նախագահությանը և հրաժարվում է մասնակցել որևէ հանդիպման, որը կանցկացվի Իսրայելի նախագահության ընթացքում։