Իրանը փորձում է ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջանցքը
Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների նախագծերի շրջանակներում 3000 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծերի և 6000 կիլոմետրանոց ավտոմոբիլային մայրուղիների կառուցման մասին:
Խեյրոլլահ Խադեմին ասել է. «Մենք ունենք 3 հազար կիլոմետր երկարությամբ կառուցվող երկաթուղային գծեր, և ընդհանուր առմամբ այդ երկաթուղային գծերը հիմնականում գտնվում են գլխավոր ցանցերում ու հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքներում, իսկ մոտ 6 հազար կիլոմետր երկարությամբ կառուցվող ավտոճանապարհներ ունենք, որոնցից շահագործման է հանձնվում տարեկան մոտ հազար կիլոմետրը։
Խադեմին հավելեց, որ Հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքներն ավարտելու համար անհրաժեշտ է 9 հազար 100 կիլոմետր երկաթուղի, որից կառուցվել է մոտ 5 հազար 100 կիլոմետրը, 2 հազար 800 կիլոմետրը դեռ կառուցման փուլում է, իսկ 1200 կիլոմետրի կառուցումը դեռ չի սկսվել։
Խադեմին հայտարարել է, որ Իրանի Պլանավորման և բյուջետային կազմակերպությունը և Ճանապարհների ու քաղաքաշինության նախարարությունը համատեղ նիստի ժամանակ ձեռնամուխ են եղել նախագծերի կառուցման առաջնահերթությունների որոշմանը և ասել, որ Զահեդան-Չաբահար երկաթուղու նախագիծը կշահագործվի մինչև հաջորդ տարի՝ 72% ֆիզիկական առաջընթացով։ Այս երկաթուղու 150 կմ-ն արդեն պատրաստ է ռելսավորման համար։
Իրանի ռազմավարական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքը և նրա ելքը դեպի Պարսից ծոցի և Կասպից ծովի ափեր վերջին տարիներին մեծ հետաքրքրություն են առաջացրել աշխարհի խոշոր տնտեսական արտադրողների մոտ։