Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն»,–գրել է Զոհրաբյանը։
Հայոց հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
«Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,–տեղեկացրել է պաշտպանը։
Նշենք, որ 2026թ․ փետրվարի 14-ին Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀՀ–ից։