Փեզեշքյան. Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները զարգանում են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը առանձին ուղերձներով շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին և Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով։
Իր Հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում Փեզեշքյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերությունները կխորանան տարբեր ոլորտներում, և դրանից կշահեն երկու երկրների ժողովուրդները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և դրանից հետո մինչ այսօր երկու երկրները լավ հարաբերություններ ունեն։
«Ուրախության առիթ է, որ երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում կայուն ու ամուր են, իսկ բարեկամական հարաբերություններն օրեցօր զարգանում են»,- հավելել է Փեզեշքյանը։
«Իրանը շնորհավորում է բարեկամ, հարևան Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով բարգավաճում, հաջողություն ու երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի X-ում կատարված գրառման մեջ։