Արաղչի․ Լիբանանի անվտանգությունը կարևոր է Իրանի համար
(last modified Fri, 27 Sep 2024 06:25:01 GMT )
Սեպտեմբեր 27, 2024 09:55 Asia/Tehran
  • Արաղչի․ Լիբանանի անվտանգությունը կարևոր է Իրանի համար

ՄԱԿ-ում կայացած՝ ԲՐԻԿՍ անդամների ԱԳ նախարարների նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն անտարբեր չի մնա Լիբանանի պատերազմի նկատմամբ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝  ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կայացել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ Աբբաս Արաղչին ներկայացրել է տարբեր հարցերի շուրջ Իրանի կարծքներն ու դիրքորոշումները։

Իր ելույթում Արաղչին անդրադարձել է վերջին մեկ տարում Գազայում Իսրայելի հանցագործություններին վերջ տալու հարցում միջազգային հանրության անկարողությանը։ Նշելով, որ Լիբանանի ու Գազայի իրավիճակը տագնապալի է, Արաղչին ասել է․ «Իրանն անտարբեր չի մնա Լիբանանում լայնածավալ  պատերազմի նկատմամբ»։

Նա նշել է, որ ԲՐԻԿՍ խումբը մեծ հնարավորություն է «աշխարհի հարավում» և կարող է արդյունավետ դեր խաղալ անդամ երկրների դիրքերի բարելավման, ինչպես նաև գլոբալ համակարգերում դրական տեղաշարժեր և փոփոխություններ իրականացնելու  գործում։

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԲՐԻԿՍ-ին անդամակցության առաջին օրից Իրանի ակտիվ ու լուրջ ներկայությանը խմբի գործունեության մեջ, ընդգծելով թվային արժույթների կիրառման, ընդհանուր բանկային հարթակների և հաղորդագրության փոխանակման համակարգերի ստեղծման, վերաապահովագրության, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում նոր ֆինանսաբանկային կառույցների ստեղծման անհրաժեշտությունը։

Աբբաս Արաղչին խմբի անդամներին կոչ է արել ավելի լուրջ համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպես՝ ազգային արժույթների օգտագործումը առևտրային բորսաներում  և էներգակիրների մատակարարման ու պահանջարկի անվտանգության ոլորտում։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատարստ է այդ կապակցությամբ ներկայացնել իր առաջարկները։

Անդրադառնալով համաշխարհային հարաբերություններում և միջազգային համակարգերում ԲՐԻԿՍ-ի մեծ կշռին, ԻԻՀ ԱԳ նախարարն առաջարկել է, որ խումբն օգնի փոխել առաջընթացի համաշխարհային պարադիգմը՝ հիմնվելով զարգացող երկրների նպատակների վրա. Պարադիգմ, որը կհանգեցնի արդար և ոչ խտրական կառույցների և համակարգերի ստեղծմանը: