Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i250490-Միայն_մտադրությունները_բավարար_չեն._Իրանի_դեսպանը_Երևանի_և_Բաքվի_միջև_խաղաղության_մասին
Ստատուս քվոյի պահպանումն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը Իրանի սկզբունքային դիրքորոշումներն են տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
(last modified 2026-09-23T14:56:31+00:00 )
Սեպտեմբեր 23, 2026 18:20 Asia/Tehran
  • Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին

Ստատուս քվոյի պահպանումն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը Իրանի սկզբունքային դիրքորոշումներն են տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«APRI Forum 2026»-ի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նրա խոսքով՝ միայն դրական մտադրությունները բավարար չեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։

«Խաղաղությունը լավ է, բայց այն բավարար չէ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, հակառակ դեպքում այն խախուտ կլինի», - նշել է իրանցի դիվանագետը։

Թեհրանը կարևորում է նաև երկարաժամկետ խաղաղության, կայունության և զարգացման ապահովման տեսանկյունից առավել կայուն և արդյունավետ տարածաշրջանային ձևաչափերի զարգացումը:

Դեսպանի խոսքով՝ Թեհրանը ճանաչում է արտատարածաշրջանային պետությունների օրինական շահերը, սակայն կարծում է, որ Հարավային Կովկասի վերածումը արտաքին խաղացողների մրցակցության թատերաբեմի՝ կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար:

Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն կարծում է, որ TRIPP նախագծի իրականացումը պետք է համապատասխանի մի շարք սկզբունքային պայմանների:

Շիրղոլամին ընդգծել է, որ Հայաստանը մի կողմից Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի, մյուս կողմից՝ Սև ծովի միջև կապող հանգույց դառնալու ներուժ ունի:

Դիվանագետի խոսքով՝ Իրանը հաշվի է առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և հասկանում է երկրի տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Սակայն TRIPP-ի իրագործման առումով Թեհրանի համար կարևոր է, որ այն չխաթարի Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը:  Բացի այդ, կարևոր է, որ տարածաշրջանում չլինի ԱՄՆ ռազմական ներկայություն։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադադ Ադելը Sputnik Արմենիայի թղթակցին Թեհրանում ասել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են փակել Հայաստանի տարածքով Իրանը Եվրոպային կապող առանցքային երթուղիներից մեկը։ Նրա խոսքով՝ Թեհրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր ցամաքային դարպաս դեպի Եվրոպա, ուստի այդ երթուղու պահպանումը բխում է երկու երկրների շահերից:

Իսկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, մեկնաբանելով TRIPP  նախագիծը, ընդգծել է, որ Երևանը պետք է մշակի մեխանիզմ, որը թույլ կտա իրացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ներուժը՝ միաժամանակ հաշվի առնելով ամերիկյան ներկայության դեպքում Թեհրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները: