ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը՝ սեյեդ Հասան Նասրալլահի սպանությանը
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի նահատակության կապակցությամբ հղված ուղերձում, Իրանի նախագահը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունը, նշելով․ «Աշխարհը չի մոռանա, որ այս ահաբեկչության հրամանը արձակվել է Նյու Յորքից»:
Մասուդ Փեզեշքյանի ուղերձում ասված է․ «Միջազգային հանրությունը չի մոռանա, որ այս ահաբեկչության հրամանը տրվել է Նյու Յորքից, և ամերիկացիները չեն կարող հերքել սիոնիստների հետ մեղսակցության մեղադրանքը»։
Իրանի դատական իշխանության ղեկավար հոջաթոլէսլամ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին նույնպես հղել է ուղերձ, որում ընդգծել է․ «Սիոնիստ թշնամու և այս հանցավոր ռեժիմի ամբարտավան աջակիցների սպասելիքներին հակառակ, հերոսական «Հեզբոլլահն» ավելի ամուր է շարունակելու դիմադրության ուղին»։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին իր ուղերձում նշել է. «Տարածաշրջանի և Պաղեստինի ճակատագիրը մոտ ապագայում կորոշվի Դիմադրության մարտիկների և դրոշակակիրների պողպատե կամքի շնորհիվ»։
ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր ուղերձում հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմն այժմ պետք է սարսափով հետևի սեյեդ Հասան Նասրալլայի արյան ազդեցությանը Դիմադրության ճակատի ընդլայնման վրա»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել ԱԽ արտահերթ նիստ հրավիրել՝ Լիբանանում և ողջ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչության և շարունակական հանցագործությունների կապակցությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ ժամանակավոր նախագահ Սամուել Զաբոգարին ուղղված նամակներում, Ամիր Սաիդ Իրավանին նշել է․ «Արդեն մեկ տարի է, ինչ Իսրայելի ռեժիմը ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ է կատարում Գազայի հատվածում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար է եղել, քանի որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է կազմակերպության՝ արդյունավետ որոշում կայացնելուն»։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ցավակցել է սեյեդ Հասան Նասրալլահ նահատակության կապակցությամբ և նշել․ «Երուսաղեմի ազատության իդեալը փառահեղ ու պատմական իրագործման շեմին է»։