Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորներ. Միջազգային կառույցները պետք է դադարեցնեն Իսրայելի հանցագործությունները
Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից սեյեդ Հասան Նասրալլահի սպանությունը և միջազգային հանրությանը կոչ արել կանխել Սիոնիստական կեղծ ռեժիմի և նրա հանցակիցների հանցագործություններն ու արյունարբու սպանությունները։
Հայտարարության մեջ ասված է․ Լիբանանում «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի և նրա համախոհների սպանությունը, որն իրականացվել է համաշխարհային իմպերիալիզմի կողմից նվիրաբերված ռումբերով, վկայում է սիոնիզմի հուսահատության և անօգնականության մասին։
Բնակելի տների ռմբակոծումը, բացի տարածաշրջանի անվտանգության միջազգային օրենքների և կանոնակարգերի կոպտագույն խախտումից, բացահայտ և անթաքույց պատերազմական հանցագործություն է, հետևաբար, համաշխարհային իմպերիալիզմը ռեժիմի մեղսակիցն ու պետք է պատասխանատվության ենթարկվի։
Լիբանանի «Հեզբոլլահի» մարտիկները տարիներ շարունակ կռվել ու արժանացել են Աստծո ճանապարհին նահատակվելու քաղցր ճակատագրին։
Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունն անկասկած անդառնալի կորուստ է իսլամական ումմայի և աշխարհի բոլոր ազատատենչների համար։ Սակայն իրականում նահատակությունից ավելի թանկ վարձատրություն չկա։ Նասրալլահի ու նրա ընկերների նահատակությունն օրհնյալ է։
Սեյեդ Հասան Նասրալլահը մեծ մարդ էր, ով իրեն նվիրել էր մարդկային արժանապատվության համար պայքարին և քայլել ճշմարտության ճանապարհով։ Նա իր բոլոր ջանքերը գործադրեց հանուն Աստծո ճանապարհին պայքարելու և զոհաբերեց իր կյանքը Իսրայելի կեղծ, մանկասպան և ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարի դաշտում ու հասավ նահատակության օհրնված կարգավիճակին:
Նրա հաստատուն հավատքը աստվածային աջակցության հանդեպ և Աստծո ճանապարհի մոջահեդ լինելու նկատմամբ, մի ամբողջ կյանքի պայքարից հետո նրան բերեց հոգևոր բարձր դիրքի։ Նահատակ սեյեդ Հասան Նասրալլահն իսկապես աստվածային պահապան էր:
Մենք՝ իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներս, իսլամական ումմային շնորհավորում ու ցավակցում ենք սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ և կոչ ենք անում միջազգային հանրությանը դադարեցնել Սիոնիստական կեղծ ռեժիմի և նրա հանցակիցների արյունարբու սպանությունները»։
Հայտարարությունը ստորագրել են Սպահանի և հարավային իրանահայության ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը, Թեհրանի և Իրանի հյուսիսի հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանը, ասորի և քաղդեացի քրիստոնյաների ներկայացուցիչ Չարլի Անվար Թեքիեն, զրադաշտականների ներկայացուցիչ Բեհշիդ Բարխորդարը և հրեաների ներկայացուցիչ Հոմայուն Սամեհ Նաջաֆաբադին։