Հույս ունենք, որ Իրանին ԵԱՏՄ դիտորդ–անդամի կարգավիճակի շնորհումն արագ կլինի. Արեֆ
Իրանը հույս ունի, որ հնարավորինս կարագացվի Իրանին ԵԱՏՄ դիտորդ–անդամի կարգավիճակի շնորհման գործընթացը և միության անդամ պետությունները կաջակցեն դրան։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«ԵԱՏՄ–ն, օրինակ, կարող է օգտագործել Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների պոտենցիալը` դուրս գալու համար Պարսից ծոցի, Հարավային Ասիայի ավելի մեծ շուկաներ»,– հայտարարեց նա։
Փոխնախագահն ընդգծեց` Իրանն ապացուցել է, որ տարածաշրջանում հանդիսանում է վստահելի գործընկեր և ձգտում է երկկողմ հարաբերությունների խորացման քաղաքական, տնտեսական մակարդակներում։
«Մենք վստահ ենք, որ տնտեսության կայուն զարգացումը հիմնված է կառուցողական համագործակցության խորացման վրա տարածաշրջանի երկրների, ինչպես նաև այնպիսի կառույցների միջև, ինչպիսին ԵԱՏՄ–ն է»,– հայտարարեց Արեֆը։
Ըստ նրա` Իրանը պատրաստ է ավելի լուրջ դերակատարում ունենալ ԵԱՏՄ–ում` հաշվի առնելով միության 18 մլրդ դոլարի առևտրաշրջանառության պոտենցիալը և նավթի ու գազի նշանակալի պաշարները, տարանցիկ ուղիների առավելությունը, տեխնոլոգիայի և ինժեներիայի բնագավառում հնարավորությունները և այլն։