Իրանի տնտեսությունը և միջանցքների կարևորությունը
Իրանում լույս տեսնող «Թաադոլ» տնտեսական թերթը «Իրանի տնտեսությունը և միջանցքների նշանակությունը» վերնագրված հոդվածում անդրադառնալով Իրանի և Հայաստանի դերի կարևորությանը Հյուսիս-Հարավ միջանցքում գրել է.-«Միջազգային տարանցման այս ծրագրում Իրանը և Հայաստանը կարող են ոչ միայն զարգացնել իրենց տնտեսական հեռանկարները, միջազգային տարանցման ծրագրում,այլև որպես հիմնական դերակատարներ ԵԱՏՄ-ի առևտրի և համաշխարհային շուկաների ամրապնդման ասպարեզում, կարող են փոփոխության ենթարկել տարածաշրջանի առևտուրը»։
Ըստ «Թաադոլ» թերթի՝ որպես ռազմավարական տրանսպորտային ցանց՝ Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը ուշադրության է առնվել Հնդկաստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի միջև առևտուրն ու տարանցումը հեշտացնելու նպատակով։ Այս միջանցքը Պարսից ծոցի կարևոր նավահանգիստները կապում է Կասպից ծովի նավահանգիստներին՝ դրանով իսկ մեծացնելով հասանելիությունը դեպի ասիական և եվրոպական շուկաներ։ Միևնույն ժամանակ, այս միջանցքը մեծացնում է կապերը նավահանգիստների միջև և հանգեցնում Ասիայի և Եվրոպայի միջև տարանցման ժամանակի և ծախսերի կրճատմանը։
Այս տնտեսական թերթը հավելել է. «Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործմամբ, որը համարվում է ավանդական երթուղիների այլընտրանք, ինչպիսին է Սուեզի ջրանցքը, փոխադրման արժեքը կլինի 30%-ով ավելի էժան, իսկ երթուղիները՝ 40%-ով ավելի կարճ։ Իրանը, որպես հաղորդակցական կամուրջ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և այլ տարածաշրջանների միջև առևտրի համար, էական դերակատարություն ունի Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքում, և Իրանի ակտիվ ներկայությունը միջանցքի երկայնքով կարող է այս երկիրը դարձնել առանցքային դերակատար տարածաշրջանային տնտեսության ինտեգրման հարցում և հեռանկարում»։
«Թաադոլ» թերթի հոդվածում նշված է․- Երևանը և Թեհրանը, ներգրավվելով Հյուսիս-Հարավ միջանցքում, ակտիվացնում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են մուտք դեպի նոր շուկաներ, մուտք դեպի նավահանգիստներ, մուլտիմոդալ փոխադրումների հասանելիություն, բազմակողմ հարաբերությունների ամրապնդում և օտարերկրյա ներդրումների ներգրավում:
Իրանական պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ներդրումների վերաբերյալ, և այդ պայմանավորվածությունների մի մասը կարող է ուղղված լինել Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքների մի մասի զարգացմանը։ Նշվում է, որ մինչև 2030 թվականն այս միջանցքի ընթացիկ կամ չիրականացված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 100 ներդրումային ծրագիր՝ ավելի քան 38 միլիարդ դոլար կապիտալով։