Իրանն ու Ռուսաստանը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ռուսաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի արագացման ու ավարտի ուղիները:
Սահաբ ցանցը հղում կատարելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, երկուշաբթի օրը Թեհրանում Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Սավելևի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրան-Ռուսաստան համաձայնագրի շրջանակներում, Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի իրականացումը մեր ծրագրերի առաջնահերթությունն է, և մենք վճռական ենք այն իրագործել։ Իրանը հավատարիմ է մնում այս համաձայնագրի դրույթներին, և ռուսական կողմը կարող է արագ սկսել երթուղու քարտեզագրումը և պլանի իրականացման նախապատրաստական աշխատանքները։
Նախագահ Փեզեշքյանն ասել է․- Իրանի կառավարությունը կարևորում է այս համաձայնագրի իրականացումը, և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը հետամուտ է լինելու այս համաձայնագրի իրականացմանը։
Այս հանդիպմանը Ռուսաստանի փոխվարչապետը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հրավիրեց 2025 թվականի սկզբին այցելել Ռուսաստան և ասաց. -Մոսկվան պատրաստվում է այս ուղևորությանը, բանակցություններին ու պայմանավորվածություններին։
Ինչ վերաբերում է Ռեշտ-Աստարա երկաթուղու իրագործման պայմանագրին, Վիտալի Սավելևն ընդգծել է Ռուսաստանի կառավարության կամքը՝ իրականացնելու այս համաձայնագիրը և հավելել. -Ռուսական կողմն ապահովել է անհրաժեշտ վարկային գիծը և համագործակցելով Ադրբեջանի կառավարության հետ Հյուսիս-Հարավ միջանցքի համար, ցանկանում է, որ Իրանն իրագործի այս պայմանագիրը։
Նկատի ունենալով, որ ՌԴ կառավարությունը ցանկանում է արագացնել այս համաձայնագրի իրականացման գործընթացը, ռուսաստանցի այս պաշտոնյան ասել է.
-Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ այդ երկաթուղային գծի այն հատվածը, որը գտնվում է իրենց տարածքում, պետք է արդիականացվի, և մենք խնդրում ենք Իրանի կառավարությանը օգնել ապահովելու անհրաժեշտ միջոցառումները Իրանի տարածքում այդ գծի վերանորոգման համար։
Նշելով, որ Ռուսաստանից Իրան և Իրանից Ռուսաստան բեռնափոխադրումները գնալով աճում են, ՌԴ փոխվարչապետն ասել է․-Ակնկալվում է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղային համաձայնագրի իրագործմամբ մենք կկարողանանք առաջին փուլում հասնել երկու երկրների միջև 15 մլն տոննա ապրանք տեղափոխելու կարողությանը։