ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i228356-ՀՀ_ԱԳ_նախարարի_տեղակալի_հանդիպումը_ԻԻՀ_ԱԳ_նախարարի_քաղաքական_հարցերով_տեղակալի_հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2025 15:45 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը:

Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը:

Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ:  Հատկապես կարևորվել են ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտում արդեն իսկ իրականացվող նախագծերն և նախանշվող ծրագրերը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Ադրբեջանից: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: