ԻՀՊԿ-ի խոսնակի նախազգուշացումը․ Իրանի դեմ ցանկացած հարձակում կփոխի պատերազմի աշխարհագրությունը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը, նախազգուշացնելով Իրանի դեմ հնարավոր ցանկացած հարձակման մասին, հայտարարել է. «Ագրեսիայի կրկնման դեպքում մենք կփոխենք պատերազմի աշխարհագրությունը և կներկայացնենք այնպիսի զենքեր, որոնք կզարմացնեն աշխարհին»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ի խոսնակ գեներալ Մոհեբին Al Alam հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ կորպուսի գնահատականին, պնդել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելի ռեժիմը և նրանց դաշնակիցները այս հակամարտությունում պարտություն են կրել, սակայն չեն ցանկանում ընդունել այդ իրողությունը։ Նա այդ պարտության դրսևորումներից մեկը համարել է ԱՄՆ-ի անկարողությունը՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար, չնայած տարածաշրջանում լայնածավալ ռազմական ներկայությանը և նավագնացության ու էներգակիրների հոսքի անվտանգությունն ապահովելու մասին հայտարարություններին։
ԻՀՊԿ-ի խոսնակը նաև հայտնել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմակայանները, ինչպես նաև Պարսից ծոցում և Իրաքի հյուսիսում այդ երկրի հետախուզական կենտրոնները ենթարկվել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Նրա խոսքով՝ այդ հարձակումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի կենտրոններն ու ռազմական տեխնիկան այնքան անհասանելի չեն, որքան նախկինում էր ենթադրվում։
Մոհեբին, անդրադառնալով ամերիկյան թիրախների ուղղությամբ իրականացված հարձակումներին, խոսել է Վաշինգտոնի՝ ռազմական և հետախուզական տեխնոլոգիական գերազանցության վերաբերյալ հաշվարկների ձախողման մասին և ընդգծել, որ Իրանն իր գնահատմամբ հաղթանակը վերածում է կայուն զսպման կարողության։ Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ն պատրաստ է երկարատև պատերազմի շարունակությանը, իսկ նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կարող է փոխել հակամարտության աշխարհագրական ընդգրկումը։