Արասի ազատ գոտին՝ Իրանի հյուսիս-արևմուտքի տնտեսության շարժիչ ուժը
Արասի ազատ գոտին, ունենալով արդյունաբերական, գյուղատնտեսական, լոգիստիկ և զբոսաշրջային ներուժ և գտնվելով Ադրբեջանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանակից տարածքում, դարձել է Իրանի հյուսիս-արևմուտքի կարևոր տնտեսական կենտրոններից մեկը։
Borna գործակալության հաղորդմամբ՝ Արասի ազատ գոտու կազմակերպության գլխավոր տնօրեն Հադի Մողադդամզադեն ասել է, որ ներկայում այս գոտում գործում է 283 արտադրական միավոր, իսկ ևս 192-ը կառուցման փուլում են, ինչի շնորհիվ այն համարվում է երկրի ամենաարդյունաբերական ազատ գոտին։ Նա հավելել է, որ Արասի զարգացման նպատակը ավելի բարձր ավելացված արժեք ունեցող և Կովկասի, ԱՊՀ երկրների ու Եվրասիայի շուկաներում մրցունակ արտադրանքի թողարկմանն անցնելն է։
Մողադամզադեն, անդրադառնալով Արասում ներդրումների աճին, նշել է, որ ներդրումների ծավալը երկու տարի առաջվա համեմատ ավելացել է 238 տոկոսով, իսկ օտարերկրյա ներդրումների աճը կազմել է 1900 տոկոս։
Արասի ազատ գոտու կազմակերպության գլխավոր տնօրենը, անդրադառնալով նաև գոտու սահմանային դիրքին, նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ավարտից հետո Արասը կարող է վերածվել Իրանի հյուսիս-արևմուտքի լոգիստիկ հանգույցի և դերակատարություն ունենալ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներում։ Նրա խոսքով՝ այս ներուժը կարող է ամրապնդել տարածաշրջանի դիրքը հարևան երկրների և Եվրասիայի շուկաների հետ առևտրում։
Մողադամզադեի խոսքով՝ Արասի տնտեսական ներուժի և աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ, այս գոտին կարևոր դեր է ստացել Իրանի հյուսիս-արևմուտքի տնտեսական զարգացման գործում։