Արաղչի. Իրանը ճնշումների, սպառնալիքների և պատժամիջոցների ներքո չի բանակցի
ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը լիովին պարզ է։ Մենք չենք բանակցելու ճնշման, սպառնալիքների կամ պատժամիջոցների ներքո։
Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում բարի գալուստ մաղթելով նրան և ուղեկցող պատվիրակությանը, հայտարարել է,-«Կովկասի, Ասիայի և Եվրասիայի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, և մենք մանրամասն ու կառուցողական քննարկումներ ունեցանք այդ կապակցությամբ և վերանայեցինք այս առնչությամբ բոլոր հարցերը։ Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը զարգանում է արագ տեմպերով, և ապրիլին կկայանա համատեղ տնտեսական հանձնաժողով։ Շարունակվում է համագործակցությունը նաև էներգետիկայի, երկաթուղու և գյուղատնտեսության ոլորտներում»։
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ)-ի շուրջ բանակցությունների և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին, Աբբաս Արաղչին ասել է.-«Միջուկային բանակցությունների հարցում Իրանի դիրքորոշումը լիովին պարզ է։ Մենք չենք բանակցելու ճնշման, սպառնալիքների կամ պատժամիջոցների ներքո»։
«Հետևաբար, միջուկային խնդրի շուրջ մեր և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցության հնարավորություն չի լինի, քանի դեռ այս կերպ առավելագույն ճնշում է գործադրվում», նշել է Արաղչին։
Ռաշտ-Աստարա երկաթգիծը կարևոր քայլ է Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման ուղղությամբ
Մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների մանրամասների մասին ասել է․ «Մենք մանրամասն, օգտակար և կառուցողական քննարկումներ ունեցանք»։
Նա անդրադարձել է Աշխաբադում և Կազանում Իրանի և Ռուսաստանի նախագահների նախորդ հանդիպումներին՝ հավելելով. «Իրանի նախագահը հունվարին այցելել է Ռուսաստան, և երկու երկրների միջև ստորագրվել է համապարփակ ռազմավարական համաձայնագիր»։
Լավրովը նշել է.«Այս տարվա սկզբին Թեհրանում լավապես կայացավ Կասպյան տնտեսական համաժողովը։ Հուսով ենք, որ այս տարի կձևավորվի նաև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով»։
Նա անդրադարձել է նաև եվրասիական համագործակցության շուրջ ծավալված քննարկումներին և հույս հայտնել, որ ԵԱՏՄ պետությունների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը հնարավորինս արագ կյանքի կկոչվի։ Նա հավելել է.«Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային փոխանակումները աճել են ավելի քան 13 տոկոսով, և մենք հույս ունենք, որ այս միտումը կշարունակվի»:
Լավրովը հավելել է,-«Ուրախ ենք, որ Ռաշտ-Աստարա երկաթուղու հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս երկաթուղու շինարարությունը սկսվել է, և տրամադրվում է Ռուսաստանի պետական վարկը, ինչը կարևոր քայլ է Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման ուղղությամբ»։