Բաղայի․ ԱՄՆ-ն, խախտելով Իսլամաբադի համաձայնությունը, երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, քննադատելով ԱՄՆ-ի գործելակերպը Իսլամաբադի համաձայնության առնչությամբ, հայտարարել է, որ Վաշինգտոնը, բացահայտորեն խախտելով այդ համաձայնության դրույթները, արդեն երրորդ անգամ դավաճանել է դիվանագիտական գործընթացին։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը կատարել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման վերաբերյալ ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ այս ռազմավարական ջրային ուղու ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։
Հղում անելով՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերության լրատվական գործակալությանը Pars Today-ը հաղորդում է, որ Էսմայիլ Բաղային ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Իսլամաբադի համաձայնությունը 14 կետից բաղկացած կարճ փաստաթուղթ է, և ակնկալվում էր, որ ԱՄՆ-ն գոնե այս անգամ հավատարիմ կմնա իր պարտավորություններին։ Սակայն, նրա խոսքով, Վաշինգտոնը, բացահայտորեն խախտելով համաձայնության դրույթները, կրկին վտանգի տակ է դրել դիվանագիտական գործընթացը։
Խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական կապերի մասին՝ Բաղային նշել է, որ հաղորդագրությունների փոխանակումը դիվանագիտական ուղիներով շարունակվում է, սակայն ներկա պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետության առաջնահերթությունը ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ԱՄՆ-ի հարձակումներից քաղաքացիների պաշտպանության ապահովումն է։ Նա հավելել է, որ միջնորդները շարունակում են կատարել իրենց դերը, սակայն Իրանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է դիմադրության և ազգային պաշտպանության վրա։
Արտաքին գործերի նախարարության խոսնակը, հերքելով Իրանի մասնակցությունը Հորմուզի նեղուցում վերջին խափանումներին, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տասնամյակներ շարունակ ապահովել է այս ծովային ուղու անվտանգությունը, իսկ վերջին լարվածությունները ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանք են։ Նա նաև քննադատել է Իրանի սառեցված ակտիվների ազատման գործընթացի դադարեցումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն, չկատարելով իր պարտավորությունները, խախտել է նաև համաձայնության այդ մասը։ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և մարդու իրավունքների հարցին, կոչ է արել եվրոպական երկրներին ապահովել իրենց խոսքի և գործի համահունչ լինելը՝ ընդգծելով, որ խաղաղ բնակիչների կոտորածի նկատմամբ լռությունը անհամատեղելի է մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունների հետ։