Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային այս պահին իրական այլընտրանք չկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Երևանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը կայացնի հենց Մոսկվան։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկն է։ Առավել ևս, որ այս պահին որևէ իրական այլընտրանք չի նշմարվում», — ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով, և Մոսկվան իր հերթին մտադիր է պահպանել դրանք։
«Ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը ևս համանման մոտեցում կցուցաբերի», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Երևանի և Մոսկվայի միջև ռազմական գործակցությանը, ապա, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է քննարկել դրա ընդլայնման հեռանկարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում։
Ռուս դիվանագետը հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև ավանդական գործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների կանոնավոր աշխատանքը համապատասխանում են երկու երկրների շահերին։
Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության հարցն ընդգրկվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995 թվականին կնքված միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչև 2044 թվականը։ 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանի «Էրեբունի» ավիաբազան է։ Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում։