Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
(last modified Fri, 11 Apr 2025 08:07:04 GMT )
Ապրիլ 11, 2025 11:37 Asia/Tehran
  • Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ։

Այդ թվում` երկրից կարտաքսի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին և կդադարեցնի կազմակերպության հետ համագործակցությունը։

«Եթե արտաքին ճնշումը շարունակվի և Իրանը ռազմական հարվածի սպառնալիքի տակ հայտնվի, մենք զսպող քայլեր կդիտարկենք, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցում և հարստացված ուրանի տեղափոխում անվտանգ վայր», – գրել է Շամխանին X սոցցանցում։

Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարք կնքել:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով երկխոսություն միայն միջնորդների միջոցով։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով ոչ ուղիղ բանակցություններ են նախատեսված ապրիլի 12-ին Օմանում։