Արաղչի. Գործակալությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա Իրանի վերաբերյալ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ գործակալությունը պետք է թափանցիկ դիրքորոշում ունենա Իրանի վերաբերյալ։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին, ով մեկնել էր Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ քննարկումների նպատակով, չորեքշաբթի օրը հանդիպել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տեխնիկական համագործակցության և փոխգործակցության շուրջ։
Կրկնելով միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում գործակալության հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը շարունակելու Իրանի վճռականությունը՝ Արաղչին ընդգծել է, որ գործակալությունը պետք է իր մասնագիտական և տեխնիկական դերը կատարի իր պարտավորությունների շրջանակներում՝ առանց որոշ կողմերի անհիմն ճնշումներին ենթարկվելու։
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործակալությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ։ Նա անդրադարձել է նաև պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդրի շուրջ Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցություններին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել Թեհրան այցելելու հնարավորության համար, ընդգծելով Իրանի և գործակալության միջև փոխգործակցության և համագործակցության շարունակականությանն ինչպես նաև խնդիրների լուծման համար այլ կողմերի հետ խորհրդակցելու կարևորությունը։
Նա նաև ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մեկնարկը և, հայտարարելով Գործակալության լիակատար աջակցությունն այս գործընթացին, հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև երկու կողմերի համար բարենպաստ արդյունքի չհասնեն։