ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դեէսկալացիային. Լավրով
Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ջանքերին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ի շարունակություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանիի՝ հունիսի 13-ին ունեցած հեռախոսազրույցի՝ ռուսական կողմից կրկին ընդգծվել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի ուժային գործողությունն Իրանի դեմ, որը ձեռնարկվել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։ Վերահաստատվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ ջանքերին աջակցելու պատրաստակամությունը»,- ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցում Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի տարածքին հասցված հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Լավրովն ու Արաղչին պայմանավորվել են շարունակել շփումները թեմայի շուրջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում, ինչպես նաև ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում դրա քննարկման համատեքստում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: