Արաղչի. «Ուրանի զրոյական հարստացման վրայ պնդելով՝ համաձայնութիւն չի լինելու»
«Մենք բանակցութիւններ ենք վարում՝ նրանց համոզելու համար, որ ուրանի զրոյական հարստացումը հնարաւոր չէ։ Քանի դեռ նրանք պնդում են «զրոյական հարստացման» վրայ, համաձայնութիւն չի լինելու»: այս մասին անգլիական Financial Times-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:
Պատասխանելով՝ «Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ եթէ Իրանը վերսկսի հարստացումը, մենք անմիջապէս կրկին կոչնչացնենք այն։ Ո՞րն է Ձեր պատասխանը» հարցին, Արաղչին ասել է.
«Կարծում եմ՝ պատասխանել եմ հարցին: Դուք հաստատ ծանօթ էք իմ թւիթին, մեր պատասխանը յստակ է. մեր միջուկային ծրագրի համար ռազմական լուծում գոյութիւն չունի: Եթէ նրանք մտահոգութիւններ ունեն, մենք կարող ենք դրանք լուծել բանակցութիւնների միջոցով: Այնպէս, ինչպէս դա արեցինք 2015 թւականի բանակցութիւններին, եւ համաձայնութեան հասանք այս նոյն մտահոգութիւնների շուրջ ու բոլորը գոհ էին: Եւրոպացիներն այդ համաձայնագիրը համարեցին եւրոպական դիւանագիտութեան նւաճում: Միացեալ նահանգները նոյնպէս գոհ էր, եւ յայտարարեց, որ բոլոր մտահոգութիւնները լուծւել են:
Մեր միջուկային օբիեկտների դէմ ռազմական ագրեսիան, եւ միջազգային իրաւունքի կոպիտ խախտումը ապացուցեցին, որ ռազմական լուծում գոյություն չունի»:
Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Իրանը պահանջում է փոխյատուցում՝ 12-օրեայ պատերազմի ժամանակ կրած վնասների համար, եւ ԱՄՆ-ը պարտաւոր է դա կատարել:
«Միացեալ Նահանգները պէտք է բացատրի, թէ ինչո՞ւ մեր վրայ յարձակւեց բանակցութիւնների ընթացքում, եւ պէտք է երաշխաւորի, որ նման բան այլեւս չի կրկնւի ապագայում»,- ասել է նա:
Արաղչին նշել է նաեւ, որ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆի հետ փոխանակւել են պատգամներով, որի ընթացքում ինքը յստակեցրել է, որ Իրանի միջուկային թնջուկի համար անհրաժեշտ է գտնել «յաղթանակ-յաղթանակ» լուծում, եւ որ դա չափազանց բարդ, բայց ոչ անհնար է լինելու:
«Թեհրանը դեռեւս ունի ուրանը հարաստացնելու հնարաւորութիւն: Շէնք-շինութիւնները հնարաւոր է վերակառուցել, տեխնիկան հնարաւոր է փոխարինել, քանի որ տեխնոլոգիան գոյութիւն ունի: Մենք ունենք մեծ թվով գիտնականներ եւ մասնագէտներ, որոնք նախկինում աշխատել են մեր օբիեկտներում: Սակայն հարստացման վերսկսման ժամկէտները եւ եղանակը կախւած են հանգամանքներից»,- յայտարարել է նա:
«Քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, ոչ մի գործարք հնարաւոր չի լինելու, բայց Վաշինգտոնը կարող է իր մտահոգութիւնները յայտնել բանակցութիւնների միջոցով: Մենք կարող ենք բանակցել, նրանք կարող են ներկայացնել իրենց փաստարկները, եւ մենք կը ներկայացնենք մեր փաստարկները։ Բայց զրոյական հարստացման պահանջի վրայ պնդելով ոչինչ չի ստացւի»,- յստակեցրել է Արաղչին:
«ԱԼԻՔ»