Իրանն ընդգծում է բոլոր միջուկային զենքերի լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԻԻՀ ներկայացուցչությունն ընդգծել է բոլոր միջուկային զենքերի լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը։
Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցի կապակցությամբ X-ում արած գրառման մեջ, Իրանի ներկայացուցչությունը նշել է. «Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության նման ողբերգությունների կանխարգելման համար անհրաժեշտ է միջուկային զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքից զերծ աշխարհի ստեղծման իրական հանձնառություն»։
Գրառման մեջ ասվում է․ «Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ՝ Իրանը աջակցում է բոլոր միջուկային զենքերի լիակատար վերացմանը, վերահաստատում է դրանցից զերծ աշխարհի իր անսասան հանձնառությունը և պաշտպանում է միջուկային գիտության և էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական իրավունքը»։
1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները ատոմային ռումբ նետեց 350 հազար բնակչություն ունեցող Հիրոսիմա քաղաքի վրա՝ սպանելով 140,000 մարդու։ Երեք օր անց ԱՄՆ-ն երկրորդ ատոմային ռումբը նետեց Նագասակի քաղաքի վրա։