Իրանը կշարունակի խորհրդակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ
Իրանը կշարունակի խորհրդակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, որոշումը Իրանի իշխանությունները կայացրել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Մասիմո Ապարոյի` Թեհրան կատարած այցից հետո։
«Որոշվել է շարունակել խորհրդակցությունները՝ հաշվի առնելով հանդիպման ժամանակ քննարկված թեմաները», – հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ իրանցի բանակցողները նաև խստորեն քննադատել են ՄԱԳԱՏԷ-ին` Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո իր պարտավորությունները չկատարելու համար։
Վերջին տարիներին Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն բարդ հարաբերություններ ունեն Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով։ Գործակալությունը մեղադրում է Իրանին ոչ բավարար թափանցիկության և տեսուչների մուտքը սահմանափակելու մեջ, մինչդեռ Իրանի իշխանությունները պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ի գործողությունները քաղաքականացված են և այն ենթարկվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը։
Լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն 2018 թվականին դուրս եկավ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (ՀՀԳԾ) և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Թեհրանն աստիճանաբար կրճատեց ՀՀԳԾ-ով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ սահմանված չափից ավել ուրանի հարստացումը։
Վերջին ամիսներին իրավիճակը բարդացավ Իրանի տարածքին Իսրայելի և ԱՄՆ–ի հարվածներից հետո։