ՀՀ ԱԽ քարտուղարը Թեհրանում հանդիպել է Լարիջանիի հետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Թեհրանի և Երևանի միջև երկկողմ համագործակցության զարգացման և հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Գրիգորյանը նաև զեկույց է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումների, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և բացատրել Երևանի դիրքորոշումներն այս հարցի կապակցությամբ։
Լարիջանին ողջունել է հարաբերությունների ընդլայնումը և ընդգծել Իրանի և Հայաստանի միջև սերտ համակարգման կարևորությունը՝ Հարավային Կովկասում կայուն անվտանգություն ապահովելու համար։
Հանդիպումը կայացել է Իրանի կողմից հարևանների հետ անվտանգության հարցերի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ շարունակական խորհրդակցությունների շրջանակներում։