Իրանի ազգային գրադարանում և արխիվում Հայկական անկյուն է բացվել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն։ Այստեղ ներկայացվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 գիրք, որոնցից 15-ը արդեն փոխանցվել են։
Նախաձեռնությունն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է հայ-իրանական դարավոր բարեկամության և միջմշակութային երկխոսության։ Նա ընդգծել է Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի բացառիկ դերը հիշողության պահպանման գործում։
Միջոցառման ընթացքում Մատենադարանի և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ նախատեսելով համատեղ ցուցադրություններ, գիտահետազոտական ծրագրեր և փորձի փոխանակում։ Կողմերը կարևորել են նաև գրքերի թարգմանության և գրադարանային մասնագետների վերապատրաստման հնարավորությունները։