Հայաստանում ընդլայնվում և զարգանում է պարսկերենի ուսուցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i236824-Հայաստանում_ընդլայնվում_և_զարգանում_է_պարսկերենի_ուսուցումը
«Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպման ժամանակ կարևորվել է Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումն ու զարգացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2025 13:02 Asia/Tehran
  • Հայաստանում ընդլայնվում և զարգանում է պարսկերենի ուսուցումը

«Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպման ժամանակ կարևորվել է Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումն ու զարգացումը։

Անդրադառնալով երկու երկրների պատմական կապերին ու բարեկամական հարաբերություններին, Սաադի հիմնադրամի նախագահն ասել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները երկու հազար տարվա պատմություն ունեն, և այս երկրի գրեթե 16 դպրոցներում պարսկերենի դասավանդումը կարևոր հնարավորություն է երկկողմ հարաբերությունները ամրապնդելու համար»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական և պատմամշակութային հիմքերի վրա ձևավորված բազմակողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա խորացման անհրաժեշտությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ Անդրեասյանը  նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցման խթանմանը և պարսկերենի ուսուցման և հետազոտությունների իրականացման առումով կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահվող հնագույն ձեռագրերը գիտական հետազոտությունների հարուստ պաշար են:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ և Սաադի հիմնադրամի նախագահի տեղակալներ:

Կողմերը քննարկել են Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնման և զարգացման հնարավորությունները հանրակրթության և բուհական համակարգերում։