Արաղչի․ Իրանը ԱՄՆ-ի միակողմանիության զոհն է
-
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է. «Իրանը ԱՄՆ-ի միակողմանիության և սիոնիստական ռեժիմի արկածախնդրության զոհն է, սակայն այս խնդիրները չեն ստիպել Թեհրանին՝ որպես ակտիվ միջազգային դերակատար անտեսել իր պարտականությունները»։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երեքշաբթի օրը Թեհրանում «Իրանը և Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ECO)» թեմայով երկրորդ ազգային համաժողովի բացման ելույթում ասել է.«Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, կանգնած է սանձարձակ միակողմանիության առջև։ Այս մտահոգիչ միտումը միջազգային կարգը դարձրել է ավելի փխրուն, լուրջ մարտահրավերների է ենթարկել տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանումը, ինչպես նաև սահմանափակել ու խեղաթյուրել է երկրների միջև համագործակցության հնարավորությունները»։
Ըստ Pars Today-ի, Արաղչին ընդգծելով բազմակողմ մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը հավելել է. «Զարգացող երկրների միջև բազմակողմ ձևաչափերով համագործակցությունն ու սիներգիան այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն: Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է Ամերիկայի ճնշող միակողմանիության և սիոնիստական ռեժիմի վտանգավոր արկածախնդրության զոհը և տակավին բախվում է դրա հետևանքներին, բայց որպես ակտիվ ու ազդեցիկ դերակատար՝ բազմակողմ և տարածաշրջանային տնտեսական և զարգացման հարաբերություններում չի անտեսում իր պարտականությունները, որի մասին է վկայում այս համաժողովը»:
Արաղչին հավելել է. «RCD կազմակերպության և այնուհետև դրա ժառանգորդ՝ ECO-ի կազմակերպության հիմնադրումից անցել է ավելի քան վեց տասնամյակ: Այս տարածաշրջանային համագործակցության կառուցվածքը, անկասկած, զարգացող աշխարհի ամենահին տնտեսական համագործակցության մեխանիզմն է: Այս տարիների ընթացքում արժեքավոր հիմքեր են դրվել և համագործակցության շրջանակներ են ստեղծվել տարբեր տնտեսական ոլորտներում: Այնուամենայնիվ, այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, ոչ մի կերպ չի համապատասխանում ECO-ի տարածաշրջանի հսկայական կարողություններին և ներուժին: ECO կազմակերպությունը կարող է դառնալ հարևան երկրների միջև բազմակողմ տնտեսական համագործակցության հաջողակ մոդել»:
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է ապագա ճգնաժամերի նկատմամբ՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ պետությունների անհատական և կոլեկտիվ դիմադրողականության ամրապնդման անհրաժեշտությունը, ասելով. «Էներգետիկ անապահովությունը, պարենային անապահովությունը, աշխարհաքաղաքական ճգնաժամերը, համավարակները, կլիմայի փոփոխությունը, բնական աղետները, համաշխարհային տնտեսական տատանումները և համաշխարհային մատակարարման շղթաների խափանումները մեր տարածաշրջանի դեմ ուղղված սպառնալիքների շարքում են, և դրանց դիմակայելը պահանջում է պլանավորում և համակարգում: ECO-ի 10-ամյա տեսլականը պետք է լրջորեն անդրադառնա այս հարցերին»:
Արաղչին ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետության համոզմամբ, ECO-ն կարող է և պետք է առաջատար և արդյունավետ դերակատարություն ունենա տարածաշրջանի տնտեսական նոր ճարտարապետության ձևավորման գործում; Ճարտարապետություն, որը հիմնված է գործընկերության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի սկզբունքների վրա»: