Թեհրանը և Մոսկվան մի շարք փաստաթղթեր կստորագրեն. Իրանի փոխնախագահ
Իրանը և Ռուսաստանը մի շարք փաստաթղթեր կստորագրեն համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Իրանը և Ռուսաստանը «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջոցառումների ժամանակ համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր կփոխանակեն և կստորագրեն»,- ասել է նա իրանական լրատվամիջոցներին Մոսկվա ժամանելուն պես։
Խոսելով երկիրը 20 000 մեգավատ էլեկտրաէներգիայով ապահովելու ծրագրերի մասին՝ երկրում ԱԷԿ-ի զարգացման հաշվին, նա ընդգծել է, որ «երկու երկրների կառավարությունների միջև համաձայնություններ են ձեռք բերվել, Ռուսաստանի համար այս հարցում որոշակի բաժին է նախատեսվել»։
Միևնույն ժամանակ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էսլամին «Համաշխարհային ատոմային շաբաթվան» մասնակցելուց բացի, կայցելի «Ռոսատոմ» և Կուրչատովի անվան ինստիտուտ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաև սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։