Ծովակալ Սայարի. Ոչ մի սպառնալիք չի կարող խաթարել Իրանի անվտանգությունը
-
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ, համակարգողի տեղակալ՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարի
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ, համակարգողի տեղակալը հայտարարել է. «Ոչ մի սպառնալիք չի կարող խաթարել Իսլամական Իրանի անվտանգությունն ու անկախությունը»։
Pars Today-ի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ, համակարգողի տեղակալ՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ուրբաթ օրը Իմամ Ալիի ռազմական համալսարանի ուսանողների հետ զրույցում, նշելով Ալի Էմիրապետի այս խոսքը, որ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի», ասել է․-Այս իմաստուն ասացվածքը ցույց է տալիս, որ երկարատև խաղաղության և անվտանգության կարելի է հասնել միայն ուժի, պատրաստվածության և կանխարգելման կարողության միջոցով։
Իրանի բանակի շտաբի պետը, հարգանքի տուրք մատուցելով նահատակների պատվավոր կոչմանը և հիշելով նրանց քաջությունը սրբազան պաշտպանության ընթացքում, հավելել է.-Բանակի սիրելի նահատակները, զոհաբերելով իրենց կյանքը, պաշտպանեցին Իսլամական Իրանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու արժանապատվությունը և թույլ չտվեցին, որ հայրենիքի նույնիսկ մի փոքրիկ մասն ընկնի թշնամու ձեռքը։ Այսօր զինված ուժերը այդ նահատակների փառահեղ ուղու շարունակողներն են, և մենք պետք է պատրաստ լինենք քայլել նրանց ճանապարհով և պաշտպանել Իսլամական հեղափոխության վեհ գաղափարները՝ հավատքով, քաջությամբ և անկեղծությամբ։
Անդրադառնալով իսլամի զինվորների զոհաբերության ոգուն և հայրենասիրությանը, ծովակալ Սայարին ասել է.-Իրանի ռազմաօդային ուժերի պանծալի օդաչու, նահատակ գեներալ-մայոր Մոհամմադ Խալաթբարիի խոսքերն այն մասին, թե՝ «Եթե իմ հայրենիքի հողի մի կտորը կպչի թշնամու զինվորի կոշիկին, ես այն կլվանամ իմ արյունով» արտահայտում են Իսլամական Իրանի զինվորների սիրո և եռանդի գագաթնակետը իրենց հայրենիքի և հեղափոխության իդեալների նկատմամբ։
Իր ելույթի մեկ այլ բաժնում Իրանի բանակի համակարգողի տեղակալը, անդրադառնալով Իսլամական Հանրապետության բանակի հիմնական առաքելությանը, նշել է.- Բանակի առաքելությունը կարելի է ամփոփել երեք հիմնական բանալի բառերով՝ տարածքային ամբողջականության պահպանում, անկախության պաշտպանություն և Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի պաշտպանություն, և այս երեք հիմնարար սկզբունքներն են ուղղորդում բանակի բոլոր գործունեությունը, մարզումները և ծրագրերը բոլոր մակարդակներում։
Վերջում, ընդգծելով ինքնավստահության և ազգային հեղինակության ուղու շարունակականությունը, ծովակալ Սայարին ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հեղինակությունն այսօր պայմանավորված է հավատքով, խորաթափանցությամբ, կարգապահությամբ և հեղափոխության առաջնորդի հրամաններին հետևելով։ Անկասկած, քանի դեռ այս սկզբունքները ինստիտուցիոնալացված են զինված ուժերի շրջանում, ոչ մի սպառնալիք չի կարողանա խաթարել իսլամական Իրանի անվտանգությունն ու անկախությունը։