Իրանի ռազմավարական մասնակցությունը տարածաշրջանային տարանցիկ փոխադրումներին
Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքը, որպես տարածաշրջանի ամենակարևոր տարանցիկ նախագծերից մեկը, աստիճանաբար վերածվում է ռազմավարական մայրուղու՝ Կենտրոնական Ասիան Պարսից ծոցին և համաշխարհային շուկաներին կապելու համար։
«Սոբհե Սահել» թերթի հաղորդմամբ՝ Ղազախստան կատարած իր վերջին այցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ընդգծել է Իրանի գերազանց դիրքը տարածաշրջանային տրանսպորտային ցանցում և այս երթուղին համարել է ամենաարդյունավետ և տնտեսապես ամենաձեռնտու տարանցիկ տարբերակը Աստանայի համար։ Իր հերթին, Ղազախստանի նախագահը ողջունել է Թեհրանի պատրաստակամությունը Բանդար Աբբասում 15 հեկտար հողատարածք հատկացնելու համար՝ համատեղ համագործակցություն զարգացնելու նպատակով։
Երեք երկրների տարածքով անցնող 925 կիլոմետր երկարությամբ այս երկաթուղին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի կարևոր մասն է կազմում և ունի տարեկան 3-ից 5 միլիոն տոննա բեռի սկզբնական թողունակություն, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է աճել մինչև ավելի քան 10 միլիոն տոննա։ Դրա կարևոր առավելություններից է այն փաստը, որ այս երթուղին ավելի կարճ է, քան Սուեզի ջրանցքի երթուղին՝ կրճատելով տեղափոխման ժամանակն ու ծախսերը, և միաժամանակ հյուսիսը կապում է հարավին և արևելքը արևմուտքին։
Ղազախստանի համար այս միջանցքը կենսականորեն կարևոր ճանապարհ է աշխարհագրական փակուղուց դուրս գալու և արտահանումը զարգացնելու համար, հատկապես հացահատիկի և էներգետիկայի ոլորտներում: Թուրքմենստանը ևս զգալի տնտեսական և աշխարհաքաղաքական շահեր է ստանում՝ խաղալով տարանցիկ հանգույցի դեր: Մյուս կողմից, այս երթուղին ուժեղացնելով՝ Իրանը ամրապնդում է իր դիրքերը որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց և, պատժամիջոցների պայմաններում, հասանելիություն է ստանում արտարժույթային եկամտի նոր աղբյուրներին:
Ավելի լայն տեսանկյունից,Հյուսիս-Հարավ միջանցքի արևելյան ճյուղի ակտիվացումը ռազմավարական նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար. երթուղի, որը Մոսկվային հնարավորություն է տալիս մուտք գործել Պարսից ծոց և Հարավային Ասիա՝ առանց անցնելու Արևմուտքի կողմից վերահսկվող երթուղիներով: Այս գործոնների հանրագումարը ցույց է տալիս, որ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլև աշխարհաքաղաքական գործիք՝ Եվրասիայում տնտեսական և անվտանգային հավասարակշռությունները վերաիմաստավորելու համար: