Սպանության սպառնալիքները չեն թուլացնի Իրանի վճռականությունը. Փեզեշքյան
Իրանի ժողովուրդը հանձնառու է ողջ ուժով շարունակել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղին և իդեալները։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը՝ ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 6-րդ տարելիցին նվիրված արարողությանը Թեհրանում։
Փեզեշքյանն ասել է, որ սպանության սպառնալիքները որպես ճնշման միջոց չեն թուլացնի Իրանի վճռականությունը։
«Մեր դավադիր թշնամիները թող չմտածեն, թե կարող են նահատակությամբ վախեցնել մեզ։ Իրանը համառությամբ կշարունակի իր սիրելի նահատակների ուղին՝ ջանքեր գործադրելով նաև շարքային քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերները լուծելու ուղղությամբ»,- հավելել է Իրանի նախագահը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի մոտակայքում։
Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում են հիշատակի տարբեր միջոցառումներ երկրի տարածքում՝ այդ թվում Սոլեյմանիի ծննդավայր Քերմանում։