Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան
Ակնհայտ է, որ Իրանում անցկացվող բողոքի ցույցերին աաջակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը, բայց ցուցարարների մեջ ներթափանցած սադրիչները լայն հասարակական աջակցություն չունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Իրանում տեղի ունեցող ցույցերն իրենց գագաթնակետին են հասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է նաև Իրանի հարցը։
Ըստ քաղաքագետի՝ Իսրայելի կողմից Սոմալիի (Սոմալիլենդ) մի մասի անկախ պետություն ճանաչումը վկայում է Իրանի դեմ նրանց ռազմավարության շարունակության մասին։ Ամենայն հավանականությամբ` Իսրայելը ձգտում է ստեղծել մի պետություն, որը կլինի ոչ միայն Իրանի դեմ, այլ հնարավոր է` նաև Թուրքիայի դեմ։
«ԱՄՆ-ն իր հերթին դիտարկում է Իրանում ռեժիմի փոփոխությունը, քանի որ դրա ընդհանուր ռազմավարության մեջ տեղավորվում է շահական Իրանի վերադարձը, ասել է թե` աշխարհիկ Իրանի վերադարձը, որտեղ Իրանը կլինի Միացյալ Նահանգների նոր, կարևորագույն դաշնակիցներից մեկը, որն ունի նաև նավթ, գազ, հսկայական պաշարներ, որոնցով կարող են ապահովել Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերը մեր մայրցամաքում»,-ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի աշխարհիկ պետության վերականգնմանը, քանի որ միապետական Իրանը ԱՄՆ դաշնակիցն էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ։