Արաղչի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր չեն առանց սպառնալիքներից և չափազանցություններից հրաժարվելու
Քննադատելով ԱՄՆ-ի կողմից միաժամանակ ռազմական սպառնալիքների հնչեցումը և բանակցությունների մասին հայտարարությունների հնչեցումն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ճնշման և ռազմական սպառնալիքների պայմաններում դիվանագիտությունը չի կարող արդյունավետ լինել, և եթե Վաշինգտոնը ցանկանում է երկխոսություն, ապա պետք է հրաժարվի սպառնալիքներից, չափազանցություններից և իռացիոնալ հարցերի բարձրացումից:
Նա հավելել է, որ մինչ այս պահն Իրանի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև ուղիղ կապ չի հաստատվել, և Թեհրանը բանակցություններ սկսելու առաջարկ չի ներկայացրել:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին կառավարության նիստի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը միջնորդների և որոշ երկրների միջոցով անուղղակի կապի մեջ է, բայց բանակցությունները սկսելու վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել: Նա ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան հավասար դիրքերից՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և ընդհանուր շահերն ապահովելու համար, և պահանջներ ներկայացնելու համար ուժի կիրառումը համարեց դիվանագիտության սկզբունքներին հակասող:
Իրանի արտգործնախարարը նաև անդրադարձել է տարածաշրջանի արաբական երկրների, այդ թվում՝ Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ ընթացող խորհրդակցություններին և նշել, որ կա ընդհանուր մտահոգություն Իրանի դեմ տարածաշրջանային մակարդակով ցանկացած ռազմական գործողության անկայունացնող հետևանքների վերաբերյալ, և այդ երկրները զգուշացրել են լարվածության սրման դեմ։