Իրան. Մենք պատրաստ ենք ծառայություններ մատուցել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերին
Իրանի նավահանգիստների կազմակերպությունը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է տրամադրել ընդհանուր ծովային ծառայություններ, տեխնիկական, առողջապահական և բժշկական աջակցություն, ինչպես նաև բավարարել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի կարիքները։
Mehr-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցում և տարածաշրջանային ջրերում գտնվող առևտրային նավերի հրամանատարներին ուղղված պաշտոնական հաղորդագրությամբ, կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի նավահանգիստները պատրաստ են մատուցել ընդհանուր ծովային, առողջապահական և բժշկական ծառայություններ ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն։
Ըստ այս հաղորդման՝ տարածաշրջանային ջրերում երթևեկող բոլոր նավերը, մասնավորապես՝ Իրանի տարածքային ջրերում և խարիսխային կայաններում գտնվող նավերը, կարող են ձեռք բերել պարեն և վառելիք, օգտվել առողջապահական և բժշկական ծառայություններից, ինչպես նաև ստանալ վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ։
Նավահանգիստների և ծովային կազմակերպությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ԻԻՀ ինքնիշխան պարտականությունների շրջանակներում՝ ծովային անվտանգության և նավահանգստային ու ծովային ծառայությունների մատուցման ոլորտում, և արտացոլում է երկրի նավահանգիստների լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու առևտրային նավերի անվտանգ և կայուն երթևեկությանն աշխարհի ամենակարևոր ռազմավարական անցուղիներից մեկում։
Ուղերձը երեք օր անընդմեջ, օրը երեք անգամ, կհայտարարվի տարածաշրջանի ծովային կապի ցանցերի և VHF համակարգերի միջոցով։
Հորմուզի նեղուցում և տարածաշրջանի ջրերում գտնվող բոլոր նավերի հրամանատարներին և սեփականատերերին ուղղված ուղերձում ասվում է. «Ծովագնացների բարեկեցությունը հարգելու և նավերի անվտանգությունն ու ծովային պիտանիությունը պահպանելու համար, բոլոր նավերի հրամանատարներն ու սեփականատերերը կարող են օգտվել ընդհանուր ծովային ծառայություններից, ներառյալ պարենի և վառելիքի ձեռքբերումն, օգտվել առողջապահական և բժշկական ծառայություններից և ձեռք բերել վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ»։
«Բոլոր նավերի կապիտաններն ու սեփականատերերը կարող են կապվել մոտակա իրանական նավահանգստի Նավերի երթևեկության ծառայության (VTS) կենտրոնների կամ նրանց տեղական ներկայացուցիչների հետ՝ VHF 16-րդ ալիքով ընդհանուր ծովային ծառայություններ ստանալու և իրենց պահանջները հայտարարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։