Հայաստանը և Կովկասը Իրանի նոր զբոսաշրջային առաջնահերթություններն են
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարը հայտարարել է, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, դարձել են Իրանի հիմնական առաջնահերթությունները զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ասել է, որ Թեհրանը, տարածաշրջանային զբոսաշրջային շուկայի վերաիմաստավորման շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձնում հարևան երկրների և Կովկասյան տարածաշրջանի հետ համագործակցության զարգացմանը:
Անդրադառնալով Իրան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճին՝ նա հավելել է, որ նախորդ տարի երկիր է մուտք գործել ավելի քան յոթ միլիոն 399 հազար զբոսաշրջիկ, և նոր տարում պլանավորման կարևոր մասը կենտրոնացած է տարածաշրջանային զբոսաշրջության ընդլայնման վրա:
«Շարղ» թերթի փոխանցմամբ՝ Սալեհի Ամիրին ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Վրաստանը Իրանի զբոսաշրջային առաջնահերթություններն են։
Մշակութային ժառանգության նախարարը նաև ասել է, որ տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումից բացի, զբոսաշրջության զարգացումը կարևոր դեր է խաղում արտարժույթի եկամտաբերության և տնտեսական բարգավաճման գործում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր օտարերկրյա զբոսաշրջիկ Իրանում միջինում ծախսում է ավելի քան հազար դոլար, և այս ոլորտը կարող է դառնալ երկրի եկամտի կարևոր աղբյուրներից մեկը։