Բորուջերդի․ Արևելքի և հարևանների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի անփոփոխ քաղաքականությունն է
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է, որ երկրի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է Արևելքի և հարևան պետությունների, առաջին հերթին՝ Չիանստանի և Ռուստաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ալաեդդին Բորուջերդին անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև դրական հարաբերությունների պատմությունը, հայտարարել է, որ Թեհրանի և Պեկինի միջև ստորագրված 25-ամյա համագործակցության համաձայնագրի արագ իրականացումը ռազմավարական անհրաժեշտություն է։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության հաստատուն քաղաքականությունը Արևելքի հետ հարաբերությունների զարգացումն ու Արևմուտքից կախվածությունից խուսափելն է։
Անդրադառնալով Իրանի և Չինաստանի պատմական կապերին, Բորուջերդին նշել է, որ Չինաստանը մի երկիր է, որի հետ Իրանը երբևէ բացասական պատմական փորձ չի ունեցել։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները պատմության ընթացքում՝ սկսած Մետաքսի ճանապարհից մինչև այլ ոլորտներ, միշտ հիմնված են եղել մշակութային փոխգործակցության և լիովին բարեկամական ու դրական հարաբերությունների վրա՝ առանց որևէ բացասական դրվագի։
Նա նաև ընդգծել է, որ Չինաստանն աշխարհի առաջատար տնտեսական ուժերից մեկն է և հավելել, որ տարիներ առաջ ստորագրված Իրանի և Չինաստանի համապարփակ 25-ամյա համագործակցության համաձայնագիրը պետք է հնարավորինս արագ անցնի գործնական իրականացման փուլ։ Բորուջերդիի խոսքով՝ այդ համագործակցությունը պետք է շարունակաբար զարգանա, որպեսզի երկու երկրները լիարժեք օգտվեն դրա քաղաքական, տնտեսական, անվտանգության և այլ ոլորտների հնարավորություններից։