Արաղչի. Իրանի դեմ սպառնալիքները շարունակվելու դեպքում, համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն կայանա
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է․- Իրանի դեմ սպառնալիքները շարունակվելու դեպքում, վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կայանա։ Նա նաև դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին երեքշաբթի (հուլիսի 7-ին), մասնակցելով նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը, հայտարարել է.«Ո՛չ մեր ժողովուրդը, ո՛չ էլ մեր խիզախ զինված ուժերը չեն վախենում որևէ սպառնալիքից»։
Նա հավելել է.«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միասնությամբ և համախմբվածությամբ հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիին և նրա թողած մնայուն ժառանգությանը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր խիզախ զինված ուժերը որևէ սպառնալիքից չեն վախենում»։
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին, որը ստորագրվել է հունիսի 18-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև, նշել է.«Հուշագրի 13-րդ կետը լիովին հստակ և միանշանակ է. քանի դեռ Իրանի դեմ սպառնալիքները շարունակվում են, վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի»։
Արաղչին այս կապակցությամբ X սոցիալական հարթակում դիմել է ամերիկյան կողմին՝ գրելով.«Հավատարիմ մնացեք ձեր ստորագրությանը»։
Fars-ի հաղորդմամբ՝ փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետում նշվում է. «Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և պայմանով, որ սկսվի ու շարունակվի հուշագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի իրականացումը, Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացառապես հուշագրի մնացած դրույթների վերաբերյալ»։