Փեզեշքիան․ Իրանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ ու վստահելի բարեկամներ են
Pars Today – Իրանի նախագահը, Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում, ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համաձայնությունների իրականացումն արագացնելու անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերացնել համատեղ նախագծերի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով IRIB գործակալությանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների ռազմավարական մակարդակին և երկու երկրների միջև ձեռք բերված լայնածավալ պայմանավորվածություններին, հայտարարել է. «Ձեր այցն Իրան և Իրանի պաշտոնյաների հետ անցկացվող բանակցությունները վկայում են, որ երկու կողմերն էլ լրջորեն վճռական են կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ակնկալվում է, որ այդ համաձայնությունները հնարավորինս շուտ քննարկումների փուլից անցնեն գործնական փուլ»։
Նշելով էներգետիկայի, նավթի, գազի, նավթաքիմիայի, արդյունաբերության, հիմնական ապրանքների առևտրի, տարանցիկ միջանցքների զարգացման և տնտեսական այլ ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները, Փեզեշքիանն ընդգծել է. «Հաշվի առնելով, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ առկա է համագործակցությունն ընդլայնելու վճռականություն, պատշաճ չէ, որ համատեղ նախագծերի իրականացումը դանդաղի»։
Փեզեշքիանը նաև անդրադարձել է միակողմանի քաղաքականությանը և անկախ պետություններին ճնշումների ու պատժամիջոցների միջոցով հանձնվել պարտադրելու փորձերին և նշել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և աշխարհի մյուս անկախ երկրները չեն ընդունում միակողմանիությունը և այլ ժողովուրդներին սեփական կամքը պարտադրելու փորձերը։ Գիտական, արդյունաբերական, տնտեսական և գործնական համագործակցությունը կարող է չեզոքացնել զոռբաների ճնշումների ու պատժամիջոցների ազդեցությունը և նպաստել միջազգային հարաբերություններում ավելի արդար կարգի ձևավորմանը»։
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, ընդգծելով Մոսկվայի վճռականությունը՝ կյանքի կոչելու երկկողմ պայմանավորվածությունները, հայտնել է, որ յուրաքանչյուր համատեղ նախագծի համար ստեղծվել են մասնագիտացված աշխատանքային խմբեր։
Նա նշել է. «Մեր նպատակն է հասնել համագործակցության շոշափելի և գործնական արդյունքների, որպեսզի ապացուցենք, որ Իրանն ու Ռուսաստանը ճիշտ ուղու վրա են՝ զարգացնելով իրենց ռազմավարական հարաբերությունները»։
Ցիվիլյովը նաև նշել է, որ Ռուսաստանի հասարակության և իշխանությունների շրջանում Իրանի նկատմամբ դրական վերաբերմունք է ձևավորված։
«Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետության անկախ դիրքորոշմանը և արտաքին ճնշումների նկատմամբ ցուցաբերած դիմադրությանը, և մենք հպարտ ենք, որ ունենք Իրանի նման վստահելի բարեկամ», – ընդգծել է նա։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ավելացրել է, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվել արտաքին ճնշումներին և զոռբայությանը, այնպես էլ Ռուսաստանը երբեք չի հանձնվի ուժի վրա հիմնված քաղաքականությանը։