Բամփուրում զոհվել են Իրանի բանակի ցամաքային ուժերի 7 պայմանագրային և ժամկետային զինծառայողներ
Իրանի հարավ-արևելքում՝ Իրանշահր քաղաքի Բամփուր շրջանում, բանակի ցամաքային ուժերի զորամասերից մեկի ուղղությամբ ԱՄՆ-ի բանակի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են 38-րդ բրիգադի 7 պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, մի շարք զինծառայողներ վիրավորվել են։
Հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ չորեքշաբթի վաղ առավոտյան։ Ըստ հաղորդագրության՝ 13 հրթիռներով թիրախավորվել են զորամասի կացարանը, հյուրատունը և պահակային ծառայության տարածքները։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը, հաստատելով այս տեղեկությունը, նշել են, որ հակառակորդը նպատակ է ունեցել առավելագույն մարդկային կորուստներ պատճառել, սակայն ոչ ռազմական պաշտպանության սկզբունքների պահպանման և նախապես ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել զոհերի թվի աճը։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը դատապարտել է այս հարձակումը՝ ընդգծելով, որ դրա նկատմամբ վճռական պատասխան կտրվի համապատասխան ժամանակին, իսկ այս գործողության հետևանքով զոհվածների արյան վրեժը անխուսափելի է։