Արաղչի․ Մենք մինչև վերջին շունչը կպաշտպանենք Իրանի յուրաքանչյուր թիզը
Արձագանքելով Իրանի հարավի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային և մի շարք խաղաղ բնակիչների զոհվելուն, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Իրանը ողջ ուժով կպաշտպանի երկրի տարածքային ամբողջականությունը։
Սեյեդ Աբաս Արաղչին, անդրադառնալով այս հարձակման հետևանքով Բանդար Խոմեյրի երեք բնակիչների զոհվելուն, ասել է, որ նրանք լիովին անմեղ էին, և նրանց արյունը երբեք անպատիժ չի մնա։
Վկայակոչելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Արաղչին իր ուղերձում գրել է․ «Իրանը մեր հայրենիքն է․ հարավից մինչև հյուսիս և արևելքից մինչև արևմուտք, մինչև վերջին շունչը կպաշտպանենք այս հողի յուրաքանչյուր թիզը»։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը, դատապարտելով այս ագրեսիան, հայտարարել է, որ Իրանի տարածքի ցանկացած հատվածի դեմ ոտնձգությունը ոտնձգություն է ամբողջ երկրի և ազգային ինքնիշխանության դեմ։
Նա հավելել է, որ այս գործողությանն Իրանի պատասխանը հիմնված կլինի համակողմանի և խելամիտ ծրագրերի վրա և լի անակնկալներով։