Փեզեշքյան․ Իրանը դիմակայեց համապարփակ պատերազմին, իսկ թշնամին ձախողվեց երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու փորձերում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն անդրադառնալով Իրանի դիմակայությունն ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական, տնտեսական ու անվտանգային ճնշմանը, հայտարարել է, որ չնայած լայնածավալ ճնշումներին և սպառնալիքներին, իրանցիները պահպանել են միասնությունն ու համախմբվածությունը և թույլ չեն տվել թշնամուն հասնել երկիրը թուլացնելու և կապիտուլյացիայի ենթարկելու իր նպատակներին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ կառավարության շաբաթվա առաջին օրը Իսլամական Հանրապետության հիմնադիր, այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի դամբարան այցելության ժամանակ Փեզեշքյանն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող ճնշումներին։ Նրա խոսքով՝ թշնամին կարծում էր, թե Իրանը կփլուզվի, սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև ժողովրդի դիմադրությունն ու համերաշխությունը զարմացրեցին ողջ աշխարհին։
Իրանի նախագահը նշել է, որ պատերազմը չի սահմանափակվում միայն հրթիռային առճակատմամբ։ Նրա խոսքով՝ Իրանը գտնվում է լիակատար տնտեսական, ռազմական և անվտանգային պատերազմի պայմաններում, իսկ ԱՄՆ-ը փորձում է իսլամական երկրներին հետ պահել Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունից։
Փեզեշքյանն անդրադարձել է նաև երկրում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ այդ որոշումները կայացվել են փորձագետների, ղեկավարների, ինչպես նաև անվտանգության և գործադիր ոլորտներում ներգրավված ուժերի միջև համաձայնության արդյունքում։ Նա ընդգծել է, որ այդ որոշումները պետք է պաշտպանել՝ առաջնորդվելով «նպատակահարմարության, արժանապատվության և խոհեմության» սկզբունքներով։
Նրա խոսքով՝ միասնությունը, համախմբվածությունը և առաջնորդությանը հետևելը ազգային հզորության ամրապնդման նախապայմաններն են։ Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե երկրում որոշումները կայացվեն մասնագիտական քննարկումների և փոխըմբռնման հիման վրա, և բոլորը կանգնեն դրանց հետևում, ապա որևէ ուժ չի կարողանա Իրանին ստիպել կապիտուլյացիայի ենթարկվել։
Իրանի նախագահը նաև ընդգծել է ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների նվազեցմանն ուղղված ջանքերը շարունակելու և արտաքին ճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը։