Ղալիբաֆ․ Իրանի դեմ տնտեսական ճնշման բումերանգը վերադառնալու է հենց ԱՄՆ-ին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ կործանարար տնտեսական ճնշման ծրագիրը բումերանգի պես հարվածելու է հենց ԱՄՆ-ին։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերից մեկում իր էջում հրապարակել է պատկեր, որում ներկայացրել է Իրանի և էներգետիկ շուկաների նկատմամբ տնտեսական ճնշումների հետևանքները ԱՄՆ տնտեսության համար։
Անդրադառնալով ԱՄՆ-ում ապրանքների գները վերահսկելու նպատակով Դոնալդ Թրամփի վերջին քայլերին՝ նա անգլերեն գրել է. «Մսի գները վերահսկելու համար սառեցված միս ներմուծե՞լ։ Լավ, գուցե դա աշխատի։ Բայց ի՞նչ ծրագիր ունեք պարտատոմսերի համար։ Պատրաստվո՞ւմ եք ներմուծել սառեցված եկամտաբերություն։ Իսկ բնակարանների համար՝ սառեցված գնորդներ ներմուծե՞լ։ Աշխատավարձերի խնդիրը լուծելու համար սառեցված աշխատավարձի կտրոննե՞ր թողարկել։ Առանց նախաձեռնողականության սառեցված արտաքին քաղաքականությունը հանգեցնում է սառեցված և լճացած տնտեսության»։
Նա հավելել է․ «Միակ բանը, որը դեռ շարժման մեջ է՝ Իրանի բումերանգն է, որը վերադառնում է հենց ձեզ»։