Ինչպես է անցնելու TRIPP–ի երկաթուղին․ Փաշինյանը նշեց ճանապարհը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, թե ինչպես է անցնելու TRIPP-ի երկաթուղին։
«TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ, չնայած կապ չունի TRIPP-ի հետ, բայց երկաթուղային կապ է բացվելու նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Վրաստանի, Նախիջևանի և Հայաստանի տարածքով։
«Սա դարակազմիկ փոփոխություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ»,– ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ այն դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։