Փեզեշքիանի շնորհակալութիւնը՝ պատերազմական եւ ճգնաժամային պայմաններում ոստիկանների անձնազոհ ծառայության համար
Իրանի նախագահը շնորհակալութիւն է հայտնել պատերազմական եւ ճգնաժամային պայմաններում ոստիկանության ծառայողների անձնազոհ ծառայության համար՝ նշելով, որ ոստիկանությունը երկրի անվտանգության ամուր հենասյուներից է։ Նա նաեւ ընդգծել է, որ կառավարությունը աջակցում է ոստիկանությանը՝ իր օրինական առաքելություններն իրականացնելու համար։
Ինչպես հաղորդում է Parstoday-ը, Մասուդ Փեզեշքիանը ոստիկանության շաբաթվա առիթով հղած իր շնորհավորական ուղերձում նշել է, որ 12-օրյա եւ 40-օրյա պատերազմների փորձը երկրի մյուս ուժերի կողքին ոստիկանության ծառայողների պատասխանատվության եւ անձնազոհության վառ դրսեւորումն էր։
Նրա խոսքով՝ թեեւ ոստիկանության կենտրոններն ու շենքերը հակառակորդի հարձակումների հիմնական թիրախներից էին, սակայն ոստիկանության ծառայողները շարունակել են իրենց առաքելությունը՝ պահպանելով հասարակական կարգը, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը, վերահսկելով երթեւեկությունը, պաշտպանելով զգայուն օբյեկտները եւ օգնություն ցուցաբերելով տուժածներին։
Փեզեշքիանը նշել է, որ ոստիկանության կենտրոնների վնասվելը չի խոչընդոտել ծառայողների պարտականությունների կատարմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկու պատերազմների ընթացքում ոստիկանության ավելի քան 500 աշխատակիցների նահատակվելը նրանց անձնազոհության խորության վկայությունն է։
Իրանի նախագահը նաեւ հայտարարել է, որ զինված ուժերին եւ ոստիկանությանը աջակցելը կառավարության պարտականությունն է ու պատիվը։