Իրանը բողոքի նոտ է հղել ՄԱԿ-ին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին հղած նոտայում նշել է, որ հակաիրանական շրջափակումները երկարաձգելու ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումը հակասում է Համատեղ ակտի համապարփակ ծրագրին: Բողոքի նոտայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին կոչ է արվել Անվտանգության խորհրդին ներկայացվելիք առաջիկա զեկույցում անդրադառնալ այդ խնդրին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն հայտարարել է. «ԻԻՀ կառավարությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումը դեմ է համարում Համատեղ ակտի ծրագրով ստանձնած Վաշինգտոնի պարտավորություններին»:
«Համաձայն Համատեղ ակտի համապարփակ ծրագրի կետերի, ԱՄՆ-ն, որպես համաձայնության կողմերից մեկը, պիտի հրաժարվի շրջափակումներ սահմանելուց կամ դրանք երկարաձգելուց, ինչպես նաև Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոգուն ու նպատակներին չհամապատասխանող ցանկացած քայլից»,-նշված է նոտայում:
Խոշռուն հավելել է. «Իրանի դեմ շրջափակումների երկրաձագման օրենքը հակասում է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած ԱՄՆ-ի պարտավորություններին, հետևաբար այդ երկիրը պատասխանատու է նման քայլի բացասական ու վնասաբեր հետևանքների կապակցությամբ»:
Նոտայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արվել Համատեղ ակտի ծրագրի բոլոր կողմերից ու հատկապես ԱՄՆ-ից պահանջել հավատարիմ մնալ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին: