Մամուլի տեսություն 01-01-2018
ԻԻՀ նախագահը պարզաբանելով իսլամական Իրանի դեմ թշնամիների սադրանքներն, ասել է. ««Իրանի ժողովուրդը մշտապես հասկացել է երկրի, տարածաշրջանի ու աշխարհի զգայուն պայմանները և որոշում է կայացրել իր ազգային շահերի համաձայն»:
Իրան
Քննադատությունն ու բողոքը ժողովրդի իրավունքն է
ԻԻՀ նախագահը պարզաբանելով իսլամական Իրանի դեմ թշնամիների սադրանքներն, ասել է. ««Իրանի ժողովուրդը մշտապես հասկացել է երկրի, տարածաշրջանի ու աշխարհի զգայուն պայմանները և որոշում կայացրել իր ազգային շահերի համաձայն»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան կառավարության նիստում շնորհավորելով Ամանորն ու Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը հույս է հայտնել, որ այսօր տարին աշխարհի բոլոր քրիստոնյաների ու մուսուլմանների և Իրանի ժողովրդի համար բարեբեր լինի:
Ռոհանին հավելել է, որ վերջին օրերին Իրանի տարբեր շրջաններում բողոքներ են հնչում, ասել է. «Բոլորի համար պարզ պիտի լինի, որ մենք ազատ ժողովուրդ ենք և սահմանադրության ու քաղաքացիական իրավունքների համաձայն՝ ժողովուրդն իր քննադատությունն ու բողոքն արտահայտելու համար լիովին ազատ է: Այդուհանդերձ, պետք է նաև ուշադիր լինել, որ քննադատության ու բողոքի արտահայտման եղանակն այնպիսին լինի, որ ավարտվի երկրի պայմանների ու ժողովրդի կենցաղի բարելավմամբ»:
Նախագահը նշել է, որ որոշ հարցերի կարգավորումը դյուրին չէ և ժամանակ է պահանջում ու դրանց կարգավորման համար կառավարությունն ու ժողովուրդը ձեռք-ձեռքի պիտի տան»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ քննադատությունը տարբերվում է բռնարարքներից ու հանրային գույքը ոչնչացնելուց: Նրա խոսքերով. «Քննադատությունը ողջունելով հանդերձ, երկրի պատասխանատու կառույցները պիտի ժողովրդի օրինական քննադատության ու բողոքի և նույնիսկ օրինապահ հանրահավաքների ու քայլարշավի համար հնարավորություն ստեղծեն և դա ժողովրդի իրավունքն է: Սսակայն միևնույն ժամանակ չպիտի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ հեղափոխության սիրահարներն ու ժողովուրդն իրենց կյանքի ու անվտանգության կապակցությամբ մտահոգություն զգան»:
Ջոմհուրի Էսլամի
Թշնամու դիմաց միավորված ժողովուրդ ենք մնալու
Իրանի քաղաքական տարբեր հոսանքների ակտիվիստներն անդրադառնալով Իրանի վերջին օրերի զարգացումներին, ընդգծել են թշնամու սադրանքների դիմաց զգաստ լինելու անհրաժեշտությունն ու ժողովրդին կոչ արել զգուշանալ թշնամու շահարկումներից ու կեղծավորություններից:
Գների սղաճի դեմ բողոքի պատրվակով որոշ կասկածելի ու առանց ինքնության սոցիալական ցանցերում հրապարակված կոչերին հետևելով, վերջին երեք օրերին Իրանի մի քանի քաղաքներում, այդ թվում Մաշհադում, Քերմանշահում, Արաքում, Զանջանում, Ահվազում ու Թեհրանում կազմակերպված հանրահավաքներն արժանացել են պահպանողական ու բարեփոխական գործիչների հակազդեցությանն ու բողոքին:
Պահպանողական ու բարեփոխական գործիչները կրկին անգամ ժողովրդին կոչ են արել զգաստ լինել և չհետևել քաղաքական թշնամի հոսանքներին, որպեսզի երկրի ու հասարակության համար որևէ խնդիր չառաջանա: Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ թշնամին փորձում է շահարկել ժողովրդի մաքուր զգացմունքները, վստահություն հայտնելով, որ Իրանի ժողովուրդն անցյալի նման աչալուրջ կլինի ու թշնամուն շահարկման առիթ չի տա:
Էբթեքար
2018 թվականի համար 2017 թվականի չարաբաստիկ ժառանգությունը
2017 թվականն իր բոլոր վայրիվերումներով հանդերձ հասավ վերջին կայարանին: Այս տարվա իրադարձությունների ընթացքը վկայում է այնպիսի զարգացումների մասին, որոնք կարող են շարունակվել 2018 թվականին ու նաև հաջորդ տարիների ընթացքում: Դրանցից ամենագլխավորն ու լուրջ մարտահրավերների ծնունդ տվածը Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելը կարող է լինել: Հենց այնպես որ բոլորին զարմանք պատճառելով, հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, իր պաշտոնավարության մեկ տարվա ընթացքում էլ նա ԱՄՆ-ի ներքին ու արտաքին ասպարեզում իր նախորդներից տարբերվող ներկայություն ունեցավ:
Թրամփի երդմնակալության հանդիսության ժամանակ դրված ստորագրության թանաքը դեռ չէր չորացել, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության շրջանակներում հրաժարականների ու պաշտոնազրկումների ճգնաժամը մարտահրավերի առջև կանգնեցրեց նոր կառավարությանը: Թրամփն ԱՄՆ-ի առաջին նախագահն է, որ նման ծավալներով թշնամացավ այդ երկրի ԶԼՄ-ների ու լրագրողների հետ: Միևնույն ժամանակ, հակառակ միջազգային ընթացքին, հրաժարվեց Փարիզի կլիմայական պայմանագրից, Եվրոպայի հետ հարաբերություններում խոր ճեղքվածք առաջացրեց ու ամեն առիթ օգտագործեց հարվածելու համար ՀԳՀԾ-ին, ԱՄՆ-ի հանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու ինչպես իր ընտրարշավի ժամանակ էր խոստացել, Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հռչակեց:
Թրամփի կառավարությունը ռազմաշունչ ու լրատվական աննախադեպ հարձակումներ սկսեց Հյուսիսային Կորեայի դեմ և տարածաշրջանում Իրանի դերակատարության դիմակայումն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր առանցքներից մեկը հայտարարեց: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության ու Ռուսաստանի հետ նրա կապերի հարցը կառավարության ու նրա մերձավորների համար լուրջ լարվածություններ առաջացրեցին, որոնց հետևանքներն ըստ երևույթին շարունակվելու են նաև նոր տարվա ընթացքում:
Tert.am
Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս:
2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց:
Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով:
Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու:
2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում:
Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը: Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-ԼՂ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները: