Ռոհանի.«Թեհրանն ու Բաքուն կարող են Ասիան Եվրոպային կապող մայրուղի դառնալ»
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը և Ադրբեջանը կարող են Ասիան ու Աֆրիկան հյուսիսային Եվրոպային կապող մայրուղի դառնալ»:
Այսօր, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին կարևորել է երկու երկրի կառավարությունների ու ժողովուրդների վճռակամությունը՝ երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման գործում:
Ռոհանին ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակը մշակելու և այս տարածաշրջանում տնտեսական համատեղ գործունեություն ծավալելու ուղղությամբ Իրանի ու Ադրբեջանի պատասխանատուների խորհրդակցության ու համագործակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով մոտ ապագայում Բաքու այցելելու Ադրբեջանի նախագահի հրավերին, ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ այդ այցը կնպաստի երկու երկրի բարեկամության, համագործակցության ու հարաբերությունների խորացմանը:
Հանդիպման ժամանակ, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն ասել է.«Վերջին տարիներին երկու երկրի փոխադարձ ներդրումների և առևտրափոխանակումների ծավալները զգալիորեն աճել են»:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով, այցելել է Թեհրան: