Մամուլի տեսություն 30-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101352-Մամուլի_տեսություն_30_11_2018
Ամերիկյան մի լրատվամիջոց հավակնեց, որ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի ընկերությունը մտադիր է եղել 50 միլիոն դոլար արժող մի «փենհաուս» նվիրել Ռուսաստանի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 08:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-11-2018

Ամերիկյան մի լրատվամիջոց հավակնեց, որ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի ընկերությունը մտադիր է եղել 50 միլիոն դոլար արժող մի «փենհաուս» նվիրել Ռուսաստանի նախագահին:

Ֆարս

Թրամփի  ընկերությունը մտադիր  է  50 միլիոն դոլարանոց հարկաբաժին նվիրել Պուտինին

 

Ամերիկյան մի լրատվամիջոց հավակնեց, որ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի ընկերությունը մտադիր է եղել 50 միլիոն դոլար արժող մի «փենհաուս» նվիրել Ռուսաստանի նախագահին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի կողմից «կեղտ» որակված ամերիկյան «Բազֆիդ» կայքը հրապարակել է մի հաղորդում, որը կարող է նոր գլխացավանք պատճառել Դոնալդ Թրամփին:

Համաձայն այս հաղորդման, Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունը նպատակ է ունեցել Մոսկվայում կառուցվելիք «Թրամփ»-ի աշտարակում 50 միլիոն դոլար արժող մի «փենթհաուս» նվիրել Ռուսաստանի նախագահ Պուտինին: Այս առաջարկը ներկայացվել է հիշյալ աշտարակի կառուցման շուրջ բանակցությունների ժամանակ և 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

«Բազֆիդ»-ը հայտարարել է, որ այդ լուրի  համար ունի չորս աղբյուր, որոնցից մեկը հիշյալ առաջարկի հեղինակն է:

Ռուսներն անգամներ մերժել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտության հավակնությունը, սակայն ԱՄՆ-ի դեմոկրատականները շարունակաբար այդ կապակցությամբ մեղադրում են Մոսկվային, ինչը թվում է հունվարի 1-ից Ներկայացուցիչների տան վերահսկողությունը դեմոկրատականներին փոխանցվելով ավելի լուրջ ընթացք կարող է ստանալ:

«Բազֆիդ»-ը հղում կատարելով ամերիկացի երկու պաշտոնատարների հաղորդել է, որ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենն այս առաջարկի կապակցությամբ զրուցել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովի հետ:

Հինգշաբթի լրատվական գործակալությունները հաղորդեցին այն մասին, որ ակնկալվում է Մայքըլ Քոհենը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության շուրջ հետաքննության ընթացքում ընդունի Կոնգրեսի դիմաց ստելու իր մեղքը:

Քոհենը որ մինչև վերջերս Թրամփի գաղտնիքների շտեմարանն էր համարվում մի քանի ամիս առաջ ընդունեց հանցագործական բնույթի առնվազն ութ արարքներում իր մեղավորությունը:

Մոսկվայում «Թրամփ»-ի աշտարակի կառուցման մասին բանակցություններ վարած Քոհենը դատարանում հաստատել է, որ այդ կապակցությամբ Կոնգրեսի դիմաց ստել է, որպեսզի այդպիսով պաշտպանի Թրամփին ու նախընտրական շտաբին:

«Այն իրողության բացահայտումը, որ Թրամփի կազմակերպության ներկայացուցիչները ընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին փորձել են ֆինանսական ուղղակի կապ հաստատել թշնամի մի երկրի ղեկավարի հետ Կրեմլի և նախագահ Թրամփի միջև կապերի շուրջ նոր հարցումներ են առաջացնում»,-գրում է «Բազֆիդ»-ը:

Իհարկե հիշյալ առաջարկն արդյունքի չհասավ, քանի որ Մոսկվայում «Թրամփ»-ի աշտարակի կառուցման գործը ձախողեց: Պարզ չէ, որ արդյոք Թրամփը տեղյակ է այդ նվիրատվության մասին, թե՝ ոչ, սակայն Քոհենն ասում է, որ Մոսկվայում վարած բանակցությունների մասին զեկուցել է Թրամփին ու նրա ընտանիքի անդամներին:

«Բազֆիդ»-ի հաղորդումը հրապարակվել մի քանի ժամ նրանից հետո, երբ Թրամփը չեղարկեց Մեծ Քսանյակի գագաթնաժողովին առընթեր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը: Դրա համար հիմք է ծառայել Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծագած նոր ճգնաժամը:

Կրեմլը հակադարձելով այս հանդիպման չեղարկմանը հայտարարեց, որ դա հարմար առիթ է Պուտինի համար, որպեսզի իր ժամանակը հատկացնի առավել արդյունավետ հանդիպումներ:

 

 

Հրապարակ

Փաշինյանի սեղանին են դրել հարցումների արդյունքները. ՔՊ-ի տոկոսները բարձր են, բայց ոչ այնքան

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների օրոք անվտանգության մարմինները փակ, հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ են անցկացնում քարոզչության օրերին՝ իմանալու ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, ապա զեկուցում են վերադասին։

Անվտանգության մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրվել նման հարցումների վերջին օրերի արդյունքները։ ՔՊ-ի տոկոսները բարձր են եղել, սակայն քաղաքապետի ընտրությունների օրերի համեմատ՝ բավականին ցածր։ Ռեյտինգայիններից, ըստ հարցումների, առաջին տեղում Շիրակում Ֆելիքս Ցոլակյանն է եղել, Երևանում՝ Ալեն Սիմոնյանը»:

 

 

Հրապարակ

Ռուս էմիսարները՝ ՀՀ-ում. Մոսկվան իրեն նետված ձեռնոց է համարում ՔՊ ցուցակում որոշ մարդկանց հայտնվելը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արևմտամետ և սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն և հայտնվել են ՔՊ ցուցակում։

Լուրջ վերապահում ունեն այնպիսի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը, վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը)։

Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար»:

 

 

News.am

Երևանում մեկնարկեց Լազարյան ակումբի առաջին նիստը

 

Այսօր Երևանում բացվեց Լազարյան ակումբի առաջին նիստը։ Հայ–ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակը, կանդրադառնան տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։

Ակումբի ստեղծման նախաձեռնողներից մեկը` Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Հայաստանում շատ կարևոր ներքին զարգացումներ են ընթանում (մասնավորապես` Ազգային ժողովի առաջիկա ընտրությունը)։ Չնայած այդ գործընթացներին` Ռուսաստանը շահագրգռված է տնտեսության, քաղաքականության ու մշակութային կյանքի ոլորտներում կարծիքների փոխանակումը շարունակելու հարցում։

«Մեզ համար կարևոր է նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտների քննարկումը։ Մենք Հայաստանը սիրում ենք անկախ նրանից` ինչ կառավարություններ, նախագահներ ու իշխանություն է այստեղ տիրում», – նշեց Զատուլինը։

Նիստին հրավիրվել են նաև Հայաստանի բարձրագույն իշխանությանը, բայց Զատուլինը հայտնեց, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նիստի մասնակիցներին կհանդիպի վաղը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին Սանկտ Պետերբուրգում է, Իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է նախընտրական քարոզարշավով։

 

 

Փաստ

Պաշտոններ՝ ըստ քվեների և ոչ կարողությունների

 

«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջեւ: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միեւնույն քաղաքական ուժի կողմից որեւէ տարածքում առաջադրվածների:

Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջեւ: Հարցն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ–չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման եւ խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու: Իհարկե, եթե այս ուժը մեծամասնություն կազմի:

Ի մասնավորի, թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար: «Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա: Ուստի պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու հատկապես Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Խնդիրն այն է, թե ընդհանուր հաշվարկով ով որքան ձայն կստանա:

Ի դեպ, շրջանառվում էր նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա թեկնածությունը չի էլ քննարկվում»: